Այս երկու քաղաքական ուժերին՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին ու իշխող ՀՀԿ-ին կարելի է դասակարգել որպես, համապատասխանաբար, սկզբունքային հողատուների և պատեհապաշտ հողատուների: Սկզբունքային հողատուներն իրոք համոզված են, որ Հայաստանի փրկությունը հող հանձնելու միջոցով խաղաղություն հաստատելու մեջ է և ժամանակին իրենց սկզբունքայնությունն այս հարցում ապացուցեցին նաև իշխանությունից հրաժարվելով: Պատեհապաշտ հողատուներն էլ իշխանության եկան հող չհանձնելու դրոշը ձեռքներն առած, սակայն շատ չանցած մտքափոխվեցին ու գերադասեցին հողատու դառնալու գնով իշխանությունը պահելու արտաքին երաշխիքներ ստանալ: Առաջինների համար անընդունելի է այն միտքն անգամ, որ Հայաստանը կարող է տարածքների շուրջ առևտրի խնդիրը հանել մեջտեղից ու միանգամայն այլ խնդիրների շուրջ ձևավորել բանակցությունների նոր՝ մեր արմատական շահերն ապահովող առանցքը: Նրանք կոտրվել են ժամանակին և այսօր հողատվությունը գերագույն հայրենասիրություն են հռչակել, այնպես որ, դրանից հրաժարվելը նրանց համար հոգեբանորեն ինքնաոչնչացման հավասարազոր բան է, և մենք պետք է հասկանանք, թե սրա հետ կապված ինչպիսի վտանգների աղբյուր կարող են նրանք դառնալ: Պատեհապաշտների խնդիրն ավելի պարզ է՝ նրանք հիմնականում բազմիցս գունափոխված, գերազանցապես անսկզբունք մարդիկ են, ովքեր մշտապես տեղ են փնտրում ուժեղի կողքին՝ ուստի հող տալ-չտալու հարցն իրենց համար ոչ թե առաջինների պես կյանքի-մահու խնդիր է, այլ զուտ բարիքներ շռայլող իշխանությանն անձնապես մերձ լինելու հարց, և նրանց դիրքորոշումն ու գործելակերպը կախված կլինի իրենց գլխին կարգված գերագույն պետի կամքից: Հող տալու հարցում այդ ուժերի առերևույթ և ժամանակավոր միավորումը կեղծ ընկալված սկզբունքայնության և անափ անսկզբունքայնության դաշինք է, որին ներկայումս ընտրապայքարի մեջ մտած Հայաստանի այլ քաղաքական ուժերը հակադրելու իրապես ոչինչ չունեն հատկապես այն պատճառով, որ իրենց առջև այդպիսի նպատակ չեն էլ դնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: