Վիգեն Սարգսյանը Մոսկվայում լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հայտարարել ԼՂՀ հարցի վերաբերյալ հայկական երկու պետությունների դիրքորոշումն ու ասել, որ Ադրբեջանն է հետաձգում հարցի խաղաղ կարգավորման գործընթացը։ Սա, իհարկե, ճիշտ է, որովհետև այս պահին բանակցություններ չկան մի պարզ պատճառով, որ հարևան երկիրը հրաժարվում է իրականացնել Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները։
Նախարարն ընդգծել է, որ պետության ստեղծման, իր ապրելու իրավունքը ամրագրելու համար Լեռնային Ղարաբաղի ժողովուդը անցյալ տարիների ընթացքում արել է հնարավորը։ Ունի դատական համակարգ, ունի խորհրդարան, օրենսդրություն, կանոնակարգ, այսինքն՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է պետություն կոչվելու համար, ու ամենակարևորը՝ նոր սերունդ է մեծացել Արցախում, ովքեր իրենց կյանքը Արցախից դուրս չեն պատկերացնում ու այլ երկրի ձևաչափերի մեջ էլ չեն պատկերացնում։ Հետևաբար, հարցը հետևյալն է, թե պատրաստ է միջազգային հանրությունը հաշվի առնել կյանքի իրացման արցախցիների իրավունքը։ Այս առումով հայկական դիվանագիտական ու մյուս գերատեսչությունների ղեկավարների կարծիքը միջազգային տարբեր կազմակերպություններում ու երկրներում բավականին կոշտացել է։ Վիգեն Սարգսյանը սա արձանագրել է Մոսկվայում, վստահ ենք, նույնը կարող է անել նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Ադրբեջանը պետք է իսկապես հասկանա, որ կարող է սանձազերծել լայնամասշտաբ պատերազմ, սակայն հույս ունենալ, որ դրանով կլուծի Արցախի խնդիրը իր օգտին, չարաչար սխալվում է։ Դա տեղի ունենալ չի կարող, որովհետև ռազմական ճանապարհով հարցի լուծումը անհնար է: