Երկու, իրար հետ կապ չունեցող իրավիճակի մասին եմ ցանկանում խոսել
1. Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո կրկին հայտնվեցին Եվլախ հասնողներն ու Կասպից ծովում ոտքեր լվացողները: ԼՏՊ-ն, ի տարբերություն պոպուլիստական ոգով տոգորվածների, խոսել ու հիմնավորել գիտի, բայց հանգիստ թողնենք թե՛ պոպուլիստներին, թե՛ ԼՏՊ-ին ու յուր թիմին և մի պարզ բան ընդունենք, որ Երևանում նստածները չեն կարող հող տալ կամ հող պահանջել:
Արցախում ապրողն է որոշում՝ գնա՞լ փոխզիջման, թե՞ ոչ: Սահմանին կանգնող տղերքն են որոշում՝ հող տա՞լ, թե՞ ոչ (2016-ի ապրիլը՝ ձեզ օրինակ): Մնացած դիսկուրսներն ու խոսակցությունները մանդատ ունենալու կամ ինչ-որ մեկին հաճոյանալու արդյունք են, ինչու չէ, նաև ՖԲ-ում լայք հավաքելու մոլուցք:
2. Երեկ ՕՐՕ հանրահավաքից հետո քայլերթ տեղի ունեցավ: Հանրահավաքը ոչինչ չասող էր, քայլերթը՝ նույնպես, սակայն մի հետաքրքիր դրվագ նկատեցի: Քայլերթի ժամանակ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողքով էր քայլում նաև նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով հավաքվածների հետ բղավում էր՝ «Սասնա ծռեր» ու ժպտում: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր զգում այդ պահին Սեյրան Օհանյանը: Ուզում եմ հիշեցնել, որ ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ Օհանյանը դեռ նախարար էր, իսկ կինը՝ Առողջապահության նախարարի խորհրդական:
Հ.Գ. Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս երկու դրվագները մեր այսօրվա վիճակի պատճառն են, երբ ոչ ոք չգիտի՝ ինչի համար ու ուր է գնում: