Նիկոլ Փաշինյանը նորից հիշել է «ջահելությունը»։ Այս դեպքում ավելի շատ նկատի ունենք ոչ թե երիտասարդությունը, այլ այն բառապաշարը, որով ժամանակին Փաշինյանը տպավորվեց հանրության շրջանակներում որպես միշտ ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ ամենաթունդ քննադատություններով՝ ուղղված իշխանություններին։ Սակայն վերջին տարիներին, հատկապես այն բանից հետո, երբ նա դարձավ ԱԺ պատգամավոր, կարծես թե փողոցային այդ հռետորաբանությունը նվազեցրել էր, ու մարդկանց մոտ նույնիսկ բարի տպավորություն էր ստեղծվել, որ Նիկոլը հասունացել է։ Սակայն այսօր տեղի ունեցածը եկավ նորից ապացուցելու, որ ոչ մի բան էլ չի փոխվել, որովհետև եթե մարդն ի ծնե արկածախնդիր է, այդպիսին էլ մնալու է ու չի փոխվելու։ Այսօր լրագրողներ հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ ներողություն խնդրի դպրոցի այն տնօրեններից, ովքեր մեղադրվում են ՀՀԿ-ի օգտին քարոզ անելու մեջ։ Փաշինյանը, սրան ի պատասխան, Աշոտյանին խորհուրդ էր տվել, մեղմ ասած, «մի կողմ քաշվել», որը ձևակերպել էր վերջինիս ազգանվան հետ կապված բառակապակցությամբ հանրության շրջանում մեմ դարձած ասույթի տեսքով։ Աշոտյանը, բնականաբար, պատասխանել էր ավելի կոռեկտ, սակայն այս պարագայում, իհարկե, ինչ-որ տեղ իրավացիորեն, որովհետև ակնհայտ էր, որ Փաշինյանը անձնական բնույթի որակում է ցանկացել տալ։
Առհասարակ, քաղաքական մթնոլորտի առողջացման ու մշակույթ ձևավորելու հարցում այս փոխհրաձգությունը ոչ մի բանով լավ բանի նպաստել չի կարող։ Կամ ի՞նչ կարիք կա, որ պարոն Փաշինյանը այս պահին այդպես արձագանքեր։ Աշոտյանի ասածի մեջ, համենայն դեպս, վիրավորական ոչ մի բան չկար։ Բայց դե հասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազար, միևնույն է, նա անելու է այն, ինչ իրեն է հարմար, իսկ սա իրենից ենթադրում է, որ այս երկու քաղաքական գործիչների կողմնակիցները շուտով կսկսեն իրար միս ուտել՝ իրենց ղեկավարների թասիբը պահելով։ Ինչպես ասում են, կրկեսը շարունակվում է։