Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»: 

Մարկ. 8:12

Կյանքը հյուսվում է նպատակադրումների և նպատակներին հասնելու ցիկլերով: Ու կյանքն առաջ տանող նպատակները, որպես կանոն, լավն են լինում, գոնե թե՝ իրենց ձևակերպումներում: Բայց դրանք նաև վրեժխնդիր են լինում բոլոր նրանցից, ովքեր իրենց հասնելու համար Ինչը նախընտրում են Ինչպեսից:

Մեր դինամիկ կենսակերպում Ինչպեսի համար ժամանակ չկա այլևս, որովհետև սպառողական կարիքների թելադրանքով նպատակը նպատակի հետևից է գալիս, «Ինչ է պետքը» թելադրում է «Ինչ անել», ու եթե նույնիսկ Ինչպես, ապա միայն՝ արագ:

Կյանքի հենց այդպիսի ընթացքի մեջ էլ ձևավորվել է ժամանակակից դեպրեսիվ հասարակությունը: Որովհետև բոլոր նպատակադրումներում Ինչի ու Ինչպեսի պրագմատիկ հակադրություն կա, և Ինչի՝ մարդկայնորեն արդարացված նախընտրություն:

Աշխարհում միայն մի նպատակ հայտարարվեց, որում այս երկուսը ներդաշնակ էին՝ Երկնային արքայությունը: Ու այն ոչ միայն բաղձալի Ինչն էր, այլև երանական Ինչպեսը: Գիտենք, որ անցողիկ այս կյանքի վերջում է այն, բայց ասվեց նաև, թե այն մեր մեջ է և հիմա: Աշխարհի ոչ մի իմաստուն գաղափարախոսություն կամ ուսմունք այսպիսի պարզունակ ու բացարձակ երջանկություն չառաջարկեց մարդկությանը: Բայց մարդիկ չընկալեցին պարզը, ու վազեցին իրենց նպատակների ետևից:

Էս նպատակները կենցաղայինից ձգվում են մինչև հումանիստական ու համամարդկային՝ փաթեթավորված ամենապաթոսային ու ճռճռան պարոլներով: Ու քսանմեկերորդ դարի դեպրեսիվ ու ինտելեկտուալ քաղաքացին կռիվ է տալիս հողմաղացների դեմ, որ իրականում իր նախորդ նպատակներն են եղել, հերթական անհաջողներն ու անբավարարները: Տեխնոլոգիաների ու մեթոդների պակաս չկա: Բայց սրանք պետք չէ շփոթել Ինչպեսի հետ, սրանք իրենց հերթին սովորական Ինչ- գործիքներ են:

Հիմա տեսական պարբերություններից տեղափոխվենք իրականություն: Մեր իրականություն: Անվիճելիորեն այլևս անհանդուրժելի մի իրականություն, որում Ժողովրդի դժգոհությունը մի կողմից վաղուց ի վեր ընկալելի չէ իր անպարտությանն ու միակությանը հավատացող իշխանական վերնախավին, մյուս կողմից էլ սակարկվում ու խեղդվում է հերթական ընդդիմադիր թակարդում: Այս խզումի մեջ ճշմարիտ խոսքի ու անկեղծ գործողությունների պահանջ է ծնվում, որի, ցավոք, միայն ձևախեղված տարբերակն է սկսում հերթական անգամ շրջանառվել Թատերական հրապարակում: Թատերական հրապարակում նպատակներ են բարձրաձայնվում: Ու խնդիրը խորությամբ քննողը տեսնում է, որ, ցավոք, էստեղ անգամ Ինչը պարզ չէ, ուր մնաց՝ Ինչպեսը: Թատերական ասենք, որովհետև 1988-ին Ազատության հրապարակ դարձած այդ վայրում դերակատարներ չկային, կար Ժողովուրդ, պահանջն ինքնաբուխ էր բռունցքված, և Անկախությունն ու Միացումն էլ ավելի երազանք, քան քաղաքական հասանելի նպատակ էին թվում…

Այս անգամ քաղտեխնոլոգիաներն իրենք մատնեցին, որ Ժողովրդի անունից ծավալվող գործընթացներում անկեղծության մեծ պակաս կա: Ամենևին էլ ոչ գրագետ՝ այդ քարոզչահնարքներն ամերիկյան ժպիտից ու ավտոմատացված բարևներից կամաց-կամաց վերածվեցին «եթե չգա, ապա»-ների, դիակի վրայով անցնելու կիսասարսափ հեռանկարների, ու սպառնալիքների՝ ուղղված Եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հիմա սպառնալիքներից բացի նաև ակնկալիքներ են հնչում, որ Վեհափառը հրապարակ գնա ու կանգնի Ժողովրդի կողքին: Ու ամենացավալին այն է, որ էդ պահանջները Ժողովրդից չեն դուրս գալիս, բայց լայն սպառում են գտնում Ժողովրդի մեջ: Ամբոխահաճության առումով այսպես է հիմա ողջ աշխարհում, սա միայն մեր խնդիրը չէ: Բայց շատ հարցերում մեր քաղաքացիական հասարակությունը զարմանալիորեն գերազանցում է արևմուտքին, քանի որ իր էներգիան հղփացած իշխանությունների կամ մոնստր-համակարգերի դեմ ուղղելու փոխարեն՝ ազատական գաղափարների թիրախ է դարձնում կենսական հաստատուն արժեքներ՝ բանակ, ազգ, ընտանիք, եկեղեցի: 

Ամեն ինչ հասկանանք հերթով: Նախ՝ քաղաքական նպատակը, նույնիսկ ամենակարևոր, նույնիսկ ամենամարդկային, նույնիսկ ամենահրատապ, եղել և հիմա էլ դուրս է մնում հոգևոր չափումներից: Ավետարանը վկայում է, որ Քրիստոս մերժեց հրեաների՝ քաղաքական և սոցիալական խնդիրներ լուծելու առաջարկը, որքան էլ դրանք հրատապ ու ազգային կարևորության լինեին: Եթե Աստծո որդին այդ չարեց, իր հիմնած կառույցին՝ Եկեղեցուն էլ պիտի նման հանձնարարություն ավանդած չլիներ: Եվ այդպես էլ կա: Եկեղեցուն քաղաքական որևէ գործառույթ կտակված չէ: Եկեղեցին գաղափարախոսություն չէ, և Տէրը գաղափարախոսություն չհիմնեց, այլ հիմնեց Կառույց, կենդանի կառույց, որում Երկնային արքայությունը նպատակ ու միջոց է միաժամանակ, Ինչն ու Ինչպեսը միախառն են իրենց փրկագործությամբ: 

Հիմա մեր Եկեղեցուն ամեն Աստծո օր մեղադրում են քաղաքական-հասարակական կյանքից դուրս լինելու մեջ: Եվ կամ՝ քաղաքական կյանքում՝ իշխանաց կողքին լինելու մեջ: Երկուսն էլ զրպարտանք են: Պետական մեկընդմիշտ ձևավորված-հաստատված արարողակարգերում ներկա լինելը չպետք է գնահատվի որպես կողմնակալություն՝ տվյալ պահին իշխող ուժի օգտին: Իսկ Թատերական հրապարակում հայտնվելն ամենևին նույնական չէ Ժողովրդի կողքին կանգնած լինելուն: Այն, ինչ անում է Եկեղեցին, տեսնել կարող են միայն նրանք, ովքեր ապրում են Եկեղեցուց ներս, միաժամանակ՝ իրենց անձի կամ որևէ գաղափարախոսության նեղ սահմաններից ու հավակնություններից դուրս: Քանզի Եկեղեցին իր արածը չի թմբկահարում ի գիտություն նրանց, ովքեր, միևնույն է, Եկեղեցու մասին խեղված պատկերացումներ ունեն: Պատմությունը հետագա սերունդների համար փաստերով ամփոփելու է Վեհափառի գործքն ու վարքը, որ ինքնաքարոզչության բացակայության պայմաններում ներկայում անհայտ է մնում իրենց Եկեղեցուց հեռու պահող, բայց ամեն օր Եկեղեցու բարեփոխումների մասին «մտածող» մեր շատ հայրենակիցների:

Եկեղեցին պաշտպանական որևէ ճառի կարիք չունի, այս մեկինն՝ առավել ևս. խնդիրը մեր «քաղաքացիականացված» գիտակցության մեջ է: Եթե ճշմարիտը, պարզը և կատարյալը չենք ուզում մեզ նպատակ դարձնել, գոնե այն չխառնենք մեր ժամանակավոր նպատակներին: Մի քիչ էլ Ինչպեսի մասին մտածենք: Գոնե էդ ժամանակ Ինչն ավելի արդարացված կլինի: Եկեղեցին լռում է, որովհետև աղոթքը գերադասում է կոչերից: Եկեղեցին լռում է, որովհետև պահքը գերադասում է հացադուլից: Եկեղեցին լռում է, որովհետև Երկնային արքայությունը գերադասում է իշխանությունից: Եկեղեցին լռում է, որովհետև Հարության տոնի Խորհրդի մեջ է տեսնում հույսն ու արդյունքը, և ոչ՝ նախագահական ընտրությունների: Եկեղեցին լռում է, որովհետև Ինչից առաջ Ինչպեսի մասին է մտածում: Եկեղեցին լռում է, որովհետև քարկոծվելը նախընտրում է կեղծ փառքից: Եկեղեցին լռում է, որովհետև իր փոխարեն Ավետարանն է խոսում` ամեն օր, ամեն Ժամերգության, ամեն Պատարագի: Եկեղեցին լռում է, որովհետև Ճշմարտությունը մեկ անգամ ու բոլոր ժամանակների համար ասվել է արդեն. ով ականջ ունի, թող լսի: Եկեղեցին լռում է, որովհետև հենց ինքն է Ժողովուրդը, էն Ժողովուրդը, որտեղ ստրուկ ու տեր չկա, իշխանություն ու ընդդիմություն չկա, բոլորն Աստծո զավակներ են, Աստծուն փնտրող զավակներ:

Հիմա Թատերական հրապարակում Ինչպեսի խնդիր կա: Որ Ինչը հետո անեծք չդառնա: Եկեղեցուն Թատերական հրապարակ մի´ հրավիրեք, Հարության տոնին ընդառաջ՝ Դո´ւք Եկեղեցի գնացեք: Հարության տոնին Պահքով ու Աղոթքով սպասող Ժողովրդի հե´տ եղեք: Մե´կը եղեք նրանցից, ովքեր իրենց ծոմը պահում են գաղտնաբար: Աստծո փառքի համար և ոչ իրենց:

Մեր երկիրը քաղաքական տրամաբանության բոլոր կանոններով պիտի որ գոյություն չունենար: Բայց մենք կանք, որովհետև Ինչպեսը մեզ համար կարևոր է եղել Ինչից: Ավարայրի Ինչպեսը:

…Երբ Տէրը Երուսաղեմ մտավ, ցնծությունը մեծ էր. ակնկալիքներն էին շատ: Հրաշքների ակնկալիքները: Նյութական հրաշքների, շոշափելի հրաշքների: Հաջորդ օրը «օվսաննաները» փոխվեցին մահվան պահանջի, որովհետև ակնկալիքները, նյութական ու մարդկային լինելով, խոշոր հաշվով քաղաքական էին, իսկ դրանց իրականացումը Աստծո որդու առաքելությունը չէր բնավ:

17.03.2013թ.
Անի Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել