Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Ազատության հրապարակը շարունակում է էներգիայի աղբյուր հանդիսանալ Նոր Հայաստանի մասին քննարկումների համար: Դժվար չէ կռահել, որ եթե քաղաքական զարգացումներն այսպիսի ընթացք չստանային, մենք հիմա արդեն մտել էինք մեզ ցավալիորեն բնորոշ դարձած ճահճացման հերթական փուլը.
• երբ քաղաքական ու հասարակական կյանքում ոչինչ չի կատարվում, կամ գրեթե ոչինչ չի կատարվում,
• երբ մեռնում են ձգտումները, 
•երբ հսկայական ոլորտների համար պատասխանատվություն ստանձնած ղեկավարները «անհետ կորում են» տեսադաշտից՝ համարելով, որ դա է ամենահարմար ձևն իրենց չակերտավոր քաղաքական կամ իշխանական կյանքըն երկարաձգելու համար:

Րաֆֆին հետաձգեց անխուսափելի թվացող այդ իրավիճակը: Այսօր դեռ բոլորի մեջ մեռած չեն կայծերը, այսօր դեռ բոլորս ենք փնտրտուքների մեջ՝ ինքներս մեր դեմ կռվի մեջ: Այսօր դեռ համընդհանուր պայքարը հանուն ապագայի չի մարել: Կենտրոնանալ և գործել միայն կրակը մարելու ուղղությամբ ամենահեշտն ու բնազդայինն է, որ կարելի է անել այսօր: Իմ ընկերենրը քաղաքական դաշտի ողջ սպեկտրով են, բոլոր թևերում: Իմ կոչը շատ պարզ է. եկեք մտածենք՝ ուր են տանում մեզնից յուրաքանչյուրի քայլերը: Ունենք ճանապարհ, որն արագացնում է ճահճի մոտենալը: Ունենք ճանապարհ, երբ մեզնից յուրաքանչյուրի քայլերը միտված են ճահճի հեռացման, հնարավորինս հեռու վանմանը: Եվ ունենք ճանապարհ, երբ կարող ենք ուղղակի չորացնել ճահիճը: Մենք ենք ընտրում մեր ճանապարհը:

Իսկ Ազատության հրապարակը շարունակում է էներգիա տալ անփոփոխ, վաղվա դեմ միտված մեր քայլերին: Ու այդ պայքարում ձևն իսկապես էլ կարևոր չէ: Վստահ եմ, որ գալիք համընդհանուր լռության պատկերն անհանգստացնում է շատերին. ժամն է դրա մասին մտածել հենց այսօր, վաղն ուղղակի թմբիրը իր մեջ կկլանի բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել