«ԵԼՔ»-ի քարոզարշավը քարոզարշավ է այլոց մասին: Մի՞թե անհամադրելիներին մի կերպ, «ռաժոկով» համադրելուց ստացված այս քաղաքական ուժը չունի իր սեփական ծրագրերը կամ այդ ծրագրերն այնքան լավ է հասցրել հանրությանը, որ անցել է այլոց ծրագրերի մեկնությանը:
Չէ, իրականում, եթե այլոց ծրագրերը մեկնելու վրա ծախսեին «Ելք»-ի անդամներն իրենց ժամանակը, դա ինչ-որ կերպ ընդունելի կլիներ, որ տվյալ գործիչները մրցակից քաղաքական ուժի ծրագիրը կարևորել է ու դարձրել է քննության առարկա: Բայց այս անձինք դասական սև PR են իրականացնում՝ ցեխ շպրտելով մրցակից ուժերի վրա: ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Նիկոլի, Էդմոնի, Արամ Զավենիչի ու նրանց հետևող խայտաբղետ զանգվածի մշտական թիրախում են գտնվում:
«ԵԼՔ»-ի հիմնական թեզն էլ այն է, որ երբեք իշխանության մաս չի կազմել ու ապագա խորհրդարանում էլ ՀՀԿ-ի հետ ոչ մի դեպքում կոալիցիա չի կազմելու:
Բայց չէ՞ որ իշխանության մաս չլինելը դեռ չի երաշխավորում քո արժանիքները, մյուս կողմից կոալիցիա չկազմելը չի բացառում այլ տիպի համագործակցություն: Եթե օրնիբուն քննադատում ես «Ծառուկյան» դաշինքին կամ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, մի՞թե դրանով ծառայություն չես մատուցում իշխանություններին: