Ռուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարներ աջակցում են Հայաստանի կառավարության բոլոր ծրագրերին, որոնք ապահովելու են Հայաստանի բարգավաճումը: Նման հայտարարությամբ մարտի 25-ին հանդ ես եկավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկից հետո:
«Ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշ խատանքներում, ակումբի հաջողության գործում»,- շեշտեց Սամվել Կարապետյանը:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը՝ նա նշեց, որ վարչապետը դեռ շատ անակնկալներ ունի անելու: «Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու»,- ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը:
Նա շեշտեց նաև, որ առաջիկայում կատարվելիք ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ: «Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման»,- ամփոփեց Սամվել Կարապետյանը:
«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է մեր երկրում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն: Նմանատիպ պայմա նագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն:
Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր և գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի և անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխառությունների տրամադրման տեսքով: Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը: