Ուսումնասիրելով Արցախի տնտեսության վերաբերյալ ունեցած տվյալները՝ կարելի է փաստել, որ այստեղ 2015 թվականին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 314 մլն ԱՄՆ դոլար՝ 2,4 անգամ գերազանցելով 2006 թվականին արձանագրված ցուցանիշը:
Այստեղ գերակշիռ մաս է կազմում ներմուծումը` 70%-80%: Սրա հիմնական պատճառն այն է, որ արտահանումն Արցախում բնորոշվում է համեմատաբար սահմանափակ անվանացանկով, որտեղ հիմնականում ներկայացված է հանքագործական արտադրանք, կենդանական և բուսական ծագման արտադրանք և պատրաստի սննդամթերք: Հանքագործական արտադրանքի տեսակարար կշիռը ընդհանուր արտահանման մեջ 2006 թվականին տատանվել է միչև 63%, իսկ արդեն 2015-ին՝ 41%:
Հետաքրքրական է այն փաստը, որ 2015 թվականին արտահանման ծավալն առանց հանքագործության և թանկարժեք իրերի աճել է շուրջ 5%-ով՝ ընդհանուր արտահանման 4% և արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 14% կրճատման պարագայում: Սա, կարելի է ասել, հետևանք է ինչպես հանքարդյունաբերական արտադրության ծավալների կրճատման, այնպես էլ արտադրության դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականության: