Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ այն հրապարակված կադրերում «ոնց ես-ոնց չես»-ից բացի այսպիսի մի իրողություն կա. նախագահ Սերժ Սարգսյանը հարց է ուղղում Րաֆֆի Հովհաննիսյանին` «լրագրողների ներկայությա՞մբ ենք զրուցելու», ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը բացասական պատասխան է տալիս: Որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ օրը պատմում է իր և Սերժ Սարգսյանի երկխոսության մանրամասները: Երեկ արդեն այդ հանդիպման մանրամասները ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանը: Դրան ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսում հերքում է` ասելով, որ ասվածը իրականությանը չի համապատասխանում:
Այնուամենայնիվ, մի քանի հարց բաց է մնում`
1. Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ լրագրողների ներկայությամբ զրուցելուց հրաժարվելուց հետո դիմացի կողմից հնչող իրականությունը սուտ է:
2. Կարո՞ղ ենք ենթադրել, որ այն, ինչ Ր.Հովհաննիսյանն է ներկայացնում, դա էլ է սուտ: Քանի որ ոչ մեկ ներկա չի եղել, ապա յուրաքանչյուր ասված խոսք կարող է ի նպաստ այդ կողմին հնչել:
3. Հիմա քաղաքացիները ո՞ր կողմի ներկայացրած տեսակետը պետք է ընդունեն որպես ճշմարտություն՝ նախագահի՞, քանի որ նա իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու ոչ մի հիմք չունի, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի, որ ասում է «ես ազնիվ եմ և խաբել չեմ սիրում»:
4. Իսկ ավելի լավ չէ՞ր լինի ամեն ինչ հրապարակային լիներ ի սկզբանե, որ ոչ մի կողմ հակված չլիներ ներկայացնել իր տեսակետը, որը մյուս կողմի համար վիճարկելի է: Ի դեպ, այդ ձևաչափի ընտրության պատասխանատուն Րաֆֆի Հովհաննիսյանն է:
5. Եթե ընդդիմադիր գործիչն է հայտարարություն անում, ապա դա բացարձակ ճշմարտություն է, իսկ եթե իշխանության ներկայացուցիչը, ապա դա սո՞ւտ է: Կներեք, սա կաղապարված բարդույթ է, դա իրականության օբյեկտիվ մոտեցում չէ:
6. Ներկայացրեք այն ապացույցները, որ դիմացի կողմը «ստում» է:
7. Կարո՞ղ ենք ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությունը հրապարակային «սպեկուլյացիա» է:



