Վերջին շրջանում ակտիվ քայլեր են ձեռնարկվում տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ ներգրավելու և գործարարների ձեռնարկումները խրախուսելու ուղղությամբ: Այս ուղղությամբ հերթական քայլն այն էր, որ կառավարությունը նախօրեին տեղի ունեցած նիստում հարկային արտոնություն է տրամադրել «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ին: Մասնավորապես` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության ներմուծած ապրանքների ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը կհետաձգվի երեք տարով:
Այս ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ, որով կարտադրի տարեկան շուրջ 10 մլն ճուտ։ Ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 0,5 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 150,4 մլն դրամը։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ստեղծվելու է մոտ 22 աշխատատեղ. միջին աշխատավարձը կկազմի 110 հազ. դրամ՝ 2017, 2018 եւ 2019 թթ. համար: