Հաճախ սխալ դիմահարդարումը ոչ միայն սարսափելի տգեղացնում, այլև մեծացնում է տարիքը: Նաև հակառակը` արտաքին ոչ այնքան գեղեցիկ տվյալներով մարդը գրագետ դիմահարդարման շնորհիվ բավականին հետաքրքիր տեսք է ստանում: Եթե առօրյայում անգրագետ դիմահարդարումը կարող է ներվել սովորական մահկանացուներիս, ապա էկրանից բոլորիս ժպտացող հայտնի դեմքին` ոչ:

Շուրջ ինը տարվա աշխատանքային փորձ ունեցող դիմահարդար Հրանուշ Եղոյանը աշխատել է հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ:

Հայտնի դիմահարդարը ոճային քննության ենթարկեց մեր հայտնիներից մի քանիսին: Կարծում եմ` այս ամենը ընթերցելուց հետո քննության ենթարկվածները ոչ միայն չեն նեղանա Հրանուշից, այլև օգուտ կքաղեն նրա խորհուրդներից. անվճար խորհրդատվությունը ոչ մեկին չէր խանգարի:

 

Շպռօտի պես բեմում և առօրյայում միմյանցից խիստ տարբեր կերպարներ ստեղծող անձնավորության չեմ ճանաչում: Անին և Շպռօտը միանգամայն տարբեր են: Առօրյայում Անին միշտ թույլ դիմահարդարմամբ է, ինչը շատ եմ գնահատում: Բեմում Շպռօտը ինձ ոչ այնքան հոգեհարազատ կերպարում է: Կարծում եմ` այն դիմահարդարումը, որ նրան անում են, գռեհիկ է: Եթե նրա հետ ես աշխատեի, այլ կերպ կներկայացնեի նրան: Շպռօտը մեծ ներուժ ունեցող երգչուհի է, նրան կարելի է շատ ավելի հետաքրքիր ներկայացնել:

 

 

Էմմին անսովոր, հետաքրքիր բեմական կերպար ունի. իսկապես ոչնչից չի վախենում: Նրա հետ բազմիցս եմ աշխատել և երբևէ չեմ ձանձրացել: Էմմիից միշտ մեծ ակնկալիքներ ունեմ: Չեմ կարող ասել, որ նրա մոտ միշտ հաջողված կերպար է ստացվում, բայց մեծամասամբ գրագետ ու ճիշտ լուծումներ է գտնում:

 

 

Քրիստինե Պեպելյանի դիմահարդարումը նախկինում  շատ միակերպ էր, բայց հիմա բավականին փոփոխությունների է ենթարկվել: Գնահատելի է, որ Քրիստինեն առօրյայում շատ պարզ, ոչ ծանր դիմահարդարմամբ է. սպորտային կերպար է` առօրյա ոճի մեջ: Բեմում նա տարբերվում է, ինչը շատ ողջունելի է: Նրա հետ ընդամենը մի քանի անգամ եմ աշխատել:

 

 

 Արմինկայի հետ բազմիցս եմ աշխատել: Նա շատ հաճելի և հետաքրքիր անձնավորություն է: Սիրում է նոր «փորձությունների» ենթարկել իր արտաքինը: Նրա հետ բավականին հեշտ է աշխատելը: Փորձում է միշտ գրագետ լինել և ինքն իր հանդեպ շատ պահանջկոտ է: Առօրյայում գերադասում է խնամված մաշկ ունենալ և դեկորատիվ դիմահարդարման միջոցներ քիչ օգտագործել:

 

 

Սիլվա Հակոբյանի կերպարը դեռ շատ անմշակ է, չկա բեմական հստակ կերպար, որում կարող ես նրան փոքր-ինչ հղկել: Կարծում եմ` նրա բեմական կերպարը դեռ ձևավորված չէ: Ինչպես երգերն են միմյանցից տարբեր, այնպես էլ դիմահարդարումը: Իր ոճը դեռ չի գտել:

 

 

Ալլա Լևոնյանին պետք է որոշակի փոփոխությունների ենթարկել: Ալլայի մոտ դիմահարդարում` որպես այդպիսին, չեմ տեսնում, շատ աննկատ է: Բնական է, որ դիմահարդարում արվում է, բայց գուցե մասնագետը այնպես չի աշխատում, որ նրա արտաքինում փոփոխությունը ակնհայտ լինի: Նրա ուրախ երգերին համապատասխան կարելի է շատ դինամիկ կերպարներ ստանալ:

 

 

Նազենի  Հովհաննիսյանը առաջ հաճախ էր առօրյայում տոնական դիմահարդարմամբ, բայց հիմա նա այդ սխալն ուղղել է: Նազենին այնքան ցայտուն ու վառ դիմագծեր ունի, որ նույնիսկ չնչին դիմահարդարումը նրա դեմքին չափից ավելի է երևում: Նազենին վառ ու գունավոր անձնավորություն է: Նրան չի սազում այլ կերպար:

 

 

Աննա Կոկչյանի  մոտ ամեն ինչ կեղծ է: Նրա մոտ ամեն ինչ չափից շատ է: Նա գեղեցիկ դիմագծեր ունի և սեքսուալ կնոջ կերպարը, որն ուզում է ստանալ, ավելի լավ կարելի է անել քիչ, քան շատ դիմահարդարմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել