Խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և քաղաքական մրցավազքին մասնակցող ուժերն էլ ավելի մեծ ջանքեր են գործադրում ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար:
Եթե սթափ դատենք, ապա կարող ենք ֆիքսել, որ քաղաքական բանավեճը մանավանդ վերջին օրերին ծավալվում է ընդդիմության ներսում: Ոչ իշխանական բևեռի ներքին տարաձայնությունները ցայտուն երևում են հատկապես վերջին օրերին, երբ հանրային քննարկման թիվ մեկ թեման ՀԱԿ-ի կողմից առաջ քաշվող որոշ նախընտրական դրույթներն են: Համերաշխության բացակայության պայմաններում ընդդիմադիր ուժերը չափազանց հեռու են ռեալ հաղթանակից:
Ավելին նախընտրական շրջանից պարզ երևում է, որ ընդդիմադիր ուժերից շատերի համար անցողիկ շեմը հաղթահարելը հարցականի տակ է: Այս պայմաններում անգամ ծիծաղելի է խոսել կամ քննարկել իշխանափոխության հարցը:
Միգուցե ընդդիմությունը որոշակի արդյունքների կկարողանար հասնել, եթե լիներ լայն կոնսոլիդացիա, սակայն փաստը մնում է փաստ, որ ուժերից շատերը չհաշվարկեցին նոր սահմանդրության սահմանած խաղի կանոնները: Կարծում եմ՝ այս պահի դրությամբ էլ տեսանելի է առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը: Արդյո՞ք դա խոսում է ընդդիմության ֆեյլի մասին, թե ոչ, դժվար է միանշանակ պատասխանել, սակայն որքան ոչ իշխանական բևեռը չկարողանա ընդհանուր հայտարարի գալ, այնքան հեռանալու են իրական հաղթանակից: