ԱՐՑԱԽ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մենք ձգտում ենք գոյատևել որպես ազգ, կերտել Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան, ուստի հզոր, մեր անվտանգությունը երաշխավորող պետություն կառուցելուն այլընտրանք չկա: Մեր անկախ պետականության վերակերտումը սկսվեց արցախյան գոյամարտով, նրա գոյությունը պայմանավորված է արցախյան ճակատում մեր հաղթանակով: Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է:
Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը:
Հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորիս սրբազան պարտականությունն է՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, սոցիալական կարգավիճակից, եկամտի մեծությունից: Բանակը պետք է գտնվի բոլորիս հոգածության կենտրոնում: Մենք պետք է դասեր քաղենք ապրիլյան պատերազմից:
Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման:
Մենք առաջարկում ենք.
- Ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը:
Ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար:
Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ:
Խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը:
Սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին: Սպան ու զինվորը, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, չպետք է նյութական նեղություն զգան:
ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը, բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որևէ գործողություն: Ձևավորել անհրաժեշտ դիմակայություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի: Չեղարկել մեր ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրությունները:
Վրաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա:
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է: Ըստ այդմ՝ ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար: Գործադրել Հանրապետության և հայության տարբեր հատվածների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, համազգային ներուժի բացահայտման և օգտագործման ամբողջական ռազմավարություն»: