Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում համագործակցությունը խորացնելու և նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:
Էներգետիկայի ոլորտում վերջին շրջանում նախատեսվող էական նշանակություն ունեցող նախագծերից է ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը, որը ՀՀ-ին հնարավորություն կտա ապահովելու հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունն ու անխափանությունը, և դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգիայի շուկայի կարևոր մրցակից։
Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագրով նախատեսվում է մոտ 250 ՄՎտ հզորությամբ և մինչև 53% ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում և տեխնիկական սպասարկում:
Նախագծի իրականացման համար ընդհանուր ներդրումները կազմելու են շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին: Ըստ այդմ՝ միայն շինարարության ընթացքում ստեղծվելու է 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո` շուրջ 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման և տեխսպասարկման գործունեության տևողությունը 20 տարի է: