Մի անմոռանալի քաղաքական բենեֆիսի ականատես եղանք երեկվա «Ուրվագծում»։ Ստացված պատկերն այնքան ողբերգական էր, որ անգամ ծիծաղելի էր։ Երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրն իրեն ընդդիմադիր է հռչակել, իրար հոշոտում էին այնպես, ինչպես ոխերիմ թշնամիներն անգամ չէին անի։
Հիմա ֆեյսբուքյան հանրությունը դրած քննարկում է հաղորդման էմոցիոնալ բաղադրիչը, ինչը, ըստ իս, երկրորդական հարց է, որովհետև նախևառաջ սա առհավատչյան էր այն գաղափարական սնանկության, որը պարուրել է ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Այո՛, կարելի է մեղադրել ՀԱԿ-ի ներկայացուցչին, բառիս բուն իմաստով, ոչ ադեկվատ, ագրեսիվ վարքի մեջ (լարվածությունից խաղացող հայացքը վկա), բայց մի՞թե Ստյոպա Սաֆարյանը կամ էլ Ալեն Սիմոնյանը պակաս էին անձնավորում։ Հետո ի՞նչ, որ դա ի պատասխան էր արվում։ Միևնույն է, որովհետև ստացվում է, որ ՀԱԿ-ից Նարեկ Սարգսյանը թելադրեց բանավեճի ձևաչափն ու պլինտուսի մակարդակը, նրանք էլ ընդունեցին այդ կանոններն ու մինչև վերջ դրանցով խաղացին։ Այնպես որ, եկեք անկեղծ լինենք․ անձնավորումների ու փոխադարձ վիրավորանքների առումով երեքն էլ միմյանց արժանի էին։
Միևնույն ժամանակ, եթե փորձենք փոխադարձ վիրավորանքների ու անձնավորված բնույթի ռեպլիկներից զատ առանձնացնել կուսակցությունների ծրագրային դրույթների վերաբերյալ հարցադրումներն ու մեկնաբանությունները, ապա տեսնում ենք, որ մեկը մյուսից անմեղսունակ են ցանկացած լուրջ բանավեճի համար։ ՀԱԿ-ի ներկայացուցիչը տեղում շշեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ու ավելի կշշեր, եթե աչքերը պլշած Ստյոպայի դեմքին թռնելու փոխարեն պարզապես նշեր, որ ԵԱՏՄ-ից ու ընդհանուր տնտեսական գոտուց դուրս գալը հղի է ֆատալ անդառնալի հետևանքներով մեր տնտեսության համար, անգամ եթե Ռուսաստանը չփորձի ոչ մի քաղաքական շանտաժի դիմել, որովհետև հենց հաջորդ օրը գազի գինը 150 դոլարից դառնալու է, ասենք, 450 դոլար, բայց դե էլի հերիք էր։ Կարող ենք արձանագրել, որ ո՛չ Ստյոպան, ո՛չ Ալենը ասելիք չունեին սրա շուրջ։
ՀԱԿ-ի Նարեկն էլ իր հերթին շշվեց այն պահին, երբ էլի սկսեց հող հանձնելուց։ Ախր, պարոնայք ՀԱԿ-ականներ, այն, ինչ ասում է Տեր-Պետրոսյանը, շատ ավելի փափուկ է ու քողարկված երկիմաստ մեսիջներով, քան ձեր ասածը, բայց անգամ դա հերիք էր, որ ժամանակին իրենց գահից գցեին։ Դուք անգամ այդ դիվանագիտությանը չեք դիմում ու բացեիբաց հայտարարում եք, որ հող հանձնելը անհրաժեշտ է, իսկ ձեր տրամաբանությունը խարսխված է միայն մի բանի շուրջ, որ Ադրբեջանը պատրաստ է բավարարվել փոխզիջմամբ ու մի քանի ու թեկուզ բոլոր 7 շրջանների վերադարձով, ինչի օգտին խոսող ոչ մի իրական փաստ չունեք ձեռքի տակ։ Ձեզ համար միակ իրական փաստն այն է, որ Լևոն պապին ասել է, որ Ալիևը ռացիոնալ գործիչ է, ուստի չի կարող չհամաձայնվել։
Մի խոսքով՝ ընդամենը երկու ծրագրային դրույթ քննարկեցին, բայց կարողացան այդ երկու կետերով տոտալ ոչնչացնել միմյանց։ Կեցցեն բանախոսները, որովհետև ազնվորեն ի ցույց դրեցին այն անմխիթար վիճակը, որում գտնում է ոչ միայն ընդդիմությունը, այլ ամբողջ հասարակությունն ու մարդկանց քաղաքական գիտակցությունը։