Tert.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 21-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրում մեկնարկեց WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:
«Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան:
«Փաստ է, որ հաղորդակցության և դրա կառավարման կարևորությունն աշխարհում աճում է։ Օրեցօր զարգացող և փոփոխվող տեղեկատվական միջավայրը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ։ Մենք գործում ենք հետճշմարտային քաղաքականության պայմաններում post-truth politics, որը բնութագրվում է սոցիալական ցանցերի դարաշրջանում փաստերի կարևորության պայմանական նվազմամբ, որոնց փոխարեն առաջին պլան են մղվում այդ փաստերի մեկնաբանությունները և դրանց հետ կապված հույզերը։ Սա տասնապատիկ ավելացնում է հաղորդակցության և դրա ուղիների կառավարիչների դերը և պատասխանատվությունը։ Արդի իրականությունը վերահաստատում է մասնագիտական մոտեցումը, համաձայն որի՝ մեր աշխատանքը ոչ թե ծառայություն է, այլ առաքելություն է դարձել»,- ասաց Արա Սաղաթելյանը:



