Panorama.am-ը գրում է.
Մերձավոր Արևելքում իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը, որոնց թվում են նաև հայկական համայնքներն Իրաքում և Սիրիայում:
Հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ հանդիպմանը:
«Այսօր, երբ աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրոնական հակամարտությունների և օրեցօր ավելացող անհանդուրժողականության, ահաբեկչությունների, եղեռնական ոճիրների ցավալի փաստերի առաջ, Մենք խորապես մտահոգված ենք մարդկության կյանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարոտ մարտահրավերներով, ինչպես և Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակով»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նրա խոսքով, Հայ Եկեղեցին միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության ճանապարհով իր կարելին է ներդնում հակամարտությունների օջախներում խաղաղության ու կայունության ամրապնդման, մարդասիրական արժեքները հարգելու և ապահով ու ստեղծարար կյանքն անխաթար պահելու կամքի զորացման համար, ինչպես և հնարավորինս օգնություն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



