Հետաքրքիր ու տարօրինակ միջադեպ է գրանցվել 1787-1791 թթ․ ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Ռուսական կայսրությանը, իսկ ավստրիացի կայսր Իոսիֆ Երկրորդը ցանկացավ օգնել դաշնակից ռուսներին և ընդարձակել քրիստոնեական աշխարհը՝ ազատագրելով Բալկանները:
Գերմանացիներից, սերբերից, ռումինացիներից, խորվաթներից, իտալացիներից ու հունգարներից բաղկացած ավստրիական 100 հազարանոց զորքն անցավ սահմանը և շարժվեց Խոջա Յուսուֆ փաշայի գլխավորած 70 հազարանոց բանակին ընդառաջ:
Ավստրիական բանակի հուսարների լավագույն հեծելազորը, առաջ անցնելով հիմնական զորքից, երեկոյան հասավ ներկայիս Ռումինիայի տարածքում գտնվող Քարանսեբեշ քաղաքին, որի շրջակայքում էլ հանդիպեց գնչուների մի թափառախմբի: Հուսարները նրանցից մի քանի տակառ շնապս գնեցին ու հագեցրին ծարավը: Այդ ժամանակ նրանց են մոտենում հիմնական զորքից անջատված հետևակի մի քանի գնդեր, որոնք ևս ուզում էին հագեցնել ծարավը: Բայց հուսարները չեն ցանկանում ալկոհոլը կիսել նրանց հետ: Զինվորներ միջև վեճ է առաջանում, ինչի արդյունքում նրանցից մեկը գնդակահարում է մյուսին: Անհավասար պայքարում զորագնդերից մեկը խուճապահար սկսում է նահանջել: Արդեն բավական մութ էր, բայց ձեռնամարտի ելքը որոշած զինվորականները սկսում են հետապնդել փախչողներին:
Այդ նույն պահին մարտադաշտին է մոտենում հիմնական զորքը, և փախչող զինվորներից մեկը դիտմամբ կամ անզգուշությամբ սկսում է բղավել «թուրքե՜րը, թուրքե՜րը»:
Մթության մեջ բանակին թվում է, թե փախչող զինվորներին հետապնդողներն իսկապես թուրքերն են և ընդունելով մարտը՝ սկսեցին հերոսաբար կռվել սեփական զինվորների դեմ: Հուսաների հրամանատարներից մեկը հասկանալով, որ սեփական զինվորների դեմ են կռվում, սկսեց գերմաներեն բղավել «Կանգնե՛ք, կանգնե՛ք» (Halt! Halt!): Սակայն գերմաներեն չհասկացող զինվորները որոշեցին, որ դա թուրքերերն «Ալլահ, Ալլահ» է նշանակում և էլ ավելի մեծ թափով անցան հակահարձակման: Ճակատամարտի ժամանակ կիրառվեցին բոլոր զինատեսակները, որոնք իրենց հետ վերցրել էին: Ավստրիացի կայսր Իոսիֆ Երկրորդը ևս ցանկացավ միանալ զորքին, բայց խուճապահար փախչող զինվորները տապալեցին նրա ձիուն և կայսրն ընկավ գետը՝ կոտրելով ոտքը, բայց հրաշքով փրկվեց ոտնակոխ լինելուց: