ՀՀ-ում առկա գործազրկությունը առավել տեսանելի է գյուղական համայնքներում, ինչը շատ դեպքերում պատճառ է դառնում գյուղերի դատարկման: Այս խնդրի մեղմանն է ուղղված «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը», որով նախորդ տարվա ընթացքում Արտաշատի տարածաշրջանում պայմանագիր է կնքվել 242 մասնակցի հետ, Մասիսի տարածաշրջանում՝ 216, Վեդիի տարածաշրջանում՝ 224:
Այս երեք տարածաշրջանների համար, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 165 մլն դրամ՝ համապատասխանաբար 64 մլն 323 հազար, 28 մլն և 73 մլն 644 դրամ:
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկվել են անապահով ընտանիքները, ովքեր ընդգրկված են եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստացել ընտանեկան նպաստ, ընտանիքի կազմում ունեցել են հաշմանդամ, երկու և ավելի անչափահասներ: Մեկ անձի համար օրական վճարվել է 4000 դրամ, իսկ այն անձինք, ովքեր բնակվել են միայնակ, բայց ունեցել մեծ հողամաս` վարձել են աշխատողներ, որոնց համար օրավարձը սահմանված է եղել 3000 դրամ:
Հիշեցնենք, որ այս ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2013 թվականին Արմավիրի մարզում, ապա, համարվելով ՀՀ կառավարության կողմից իրականացված հաջողված ծրագրերից մեկը` 2014-ից այն կյանքի է կոչվել ՀՀ մյուս մարզերում: