Panorama.am-ը գրում է.
Ախթալայում ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:
Կիրակի Արամյանցի տուն է այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շրջել է տան հարակից տարածքով, ծանթացել առանձնատան վիճակին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ՝ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ: Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա զբոսաշրջային կարևոր այցեքարտ:
«Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն և Ախթալայի այցեքարտ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Այնուհետև Կարեն Կարապետյանին են ներկայացվել Ախթալայի առաջանցիկ զարգացմանը միտված ծրագրերը, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծմանը, Ֆրանսիական թաղամասի կառուցմանը, որտեղ կլինեն ֆրանսիական ոճով հյուրատներ, ռեստորաններ, ծառայությունների մատուցման օբյեկտներ և այլն: Ֆրանսիական թաղամասի ծրագիրը գնահատվում է 3 միլիարդ դրամ: Կարեն Կարապետյանը կարևորել է Ախթալայի զարգացումը և նշել, որ համայնքի ղեկավարից ակնկալում է ծրագրերի առարկայական ներկայացում ինչպես կառավարությանը, այնպես էլ մասնավոր հատվածին և դրանց իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



