Image result for Մոսկվայի պայմանագրիՄոսկվայի պայմանագրի արդիականությանն անդրադառնալիս պետք է հստակ գիտակցենք մի կարևորագույն փաստ, որ այն հայ իրականության մեջ երբևիցե եղած ամենահակահայկական պայմանագիրն է: Նախ այն հանգամանքը, որ հայ պատվիրակները չմասնակցեցին կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին, ապացուցում է, որ այնտեղ ընդունվելու էին բացառապես հակահայկական տարրեր պարունակող բանաձևեր: Ի վերջո ինչ հետևանքներ ունեցավ այդ պայմանագիրը ռուս-թուրքական հարաբերություններում:

Մոսկվան հայկական հողերի հաշվին տարածքային զիջումներ կատարեց քեմալականներին, որպեսզի նրանց ետ պահեր Անտանտի կողմն անցնելուց և, որ Հայաստանի սահմանային հարցը լուծվեր առանց նրա ներկայացուցիչների գիտության ու մասնակցության: Արդյունքում Առաջին աշխարհամարտում պարտված և այդ ընթացքում ծանրագույն հանցագործություն` Հայոց ցեղասպանությունը կատարած Թուրքիան փոխանակ պատասխանատվության կանչվեր և պատժվեր, ընդհակառակը, կեղծ հեղափոխություն ու բարեկամություն խաղալով բոլշևիկյան Ռուսաստանի հետ` ոչ միայն պատիժ չկրեց ու չվերադարձրեց Սևրի դաշնագրով նախատեսված արևմտահայ նահանգները, այլև Մոսկվայի պայմանագրով նույնիսկ որպես պարգև ստացավ արևելահայ տարածքների զգալի մասը:
Ռազմաքաղաքական և միջազգային դիվանագիտության տեսակետից հայ ժողովրդի համար ճակատագրական 1920-1921թթ. ընթացքում կնքվեցին Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Դրանք ռուս-թուրքական մերձեցման և Ռուսաստանի թողտվությամբ թուրքական հարձակման և անհավասար պատերազմում պարտված Հայաստանին ուժով պարտադրված ակտեր էին, որոնցով, փաստորեն, ՀՀ տարածքները բաժանվեցին Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Մոսկվայի խորհրդա-թուրքական և Կարսի թուրք-անդրկովկասյան պայմանագրերը անդառնալի ու կորստաբեր հետևանքներ ունեցան և այսօր էլ շարունակում են իրենց սև դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում: Կարսի պայմանագիրը որևէ իրավական ուժ չէր կարող ունենալ, քանի որ այն կնքվել էր հարկադրանքի արդյունքում. հայկական կողմը (պատվիրակության ղեկավար Ասքանազ Մռավյան, Արտաշես Կարինյան, Պողոս Մակինցյան) պայմանագրի կնքումից հետո իր բողոքն է արտահայտել կնքման կապակցությամբ: Իսկ հարկադրանքի կամ ուժի սպառնալիքի ներքո կնքված պայմանագիրը, ըստ միջազգային պայմանագրային իրավունքի` համարվում է առ ոչինչ` ուժը կորցրած:

Հետխորհրդային շրջանում Հայաստանի երրորդ հանրապետությունը որպես իր կորսված հողերի պահանջատեր իրավասու է չճանաչել տասնյակ տարիներ հայ ժողովրդին պարտադրված այդ պայմանագրերն ընդհանրապես: Իսկ Կարսի պայմանագիրը` հատկապես, որովհետև Ալեքսանդրապոլի պայմանագիրն առհասարակ երբևէ չի վավերացվել և իրավական ուժ չի ունեցել, իսկ Մոսկվայինը` Հայաստանը պարզապես չի ստորագրել:
Ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը` Մոսկովյան պայմանագիրը շատ մեծ դժվարությամբ է ստորագրվել միայն շնորհիվ Ռուսաստանի արտգործժողկոմ Գ.Չիչերինի ջանքերի և կոշտ դիրքորոշման։ Բոլշևիկները, մեծ ջանքերի գնով, կարողացան պնդել այդ պայմանագրի դրույթները, քանի որ, ըստ թուրքական կողմի, մոսկովյան պայմանագրին այլընտրանք կարող էր լինել միայն 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Ժամանակն է հասկանալ դա. հայերը այլեւս այլընտրանք չունեին։ Եթե Չիչերինը չդիմադրեր և համաձայներ Ալեքսանդրապոլի պայմանագրով ամրագրված սահմանների վերադարձին, ինչպես դա համառորեն պահանջում էին թուրքերը, ապա հայերը նույնպես լուռ կստորագրեին և կվավերացնեին Կարսի պայմանագիրը՝ բոլորովին այլ սահմաններով։
Այս պարագայում փաստենք մի հանգամանք ևս. 1945 թ. մարտի 19-ին, երբ արդեն միանշանակորեն պարզ էր պատերազմի ելքը, Սովետական Միությունը չեղյալ հայտարարեց 1925թ. դեկտեմբերի 25-ի «Սովետա-թուրքական պայմանագիրը չեզոքության և չհարձակման մասին», իսկ ավելի ուշ ուղղակիորեն հանդես եկավ «սովետա-թուրքական սահմանը շտկելու» պահանջով: Ուշագրավ է, որ Սովետական Միությունը հանդես էր գալիս ոչ թե 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի վերանայման պահանջով, այլ` 1925 թ.-ի: Սա վկայում է այն մասին, որ այդ պահին արդեն ՍՍՀՄ-ը Մոսկվայի 1921 թ. պայմանագիրը չէր դիտարկում որպես օրինական և գործող միջպետական փաստաթուղթ: Հայտնվելով նման վտանգավոր իրավիճակում՝ Թուրքիան, բնականաբար, ամեն փաստարկ պիտի օգտագործեր՝ կանխելու համար սահմանային որևէ հնարավոր փոփոխություն: Թուրքիայի գործադրած ջանքերից մեկն այն էր, որ սահմանը ուժով չի պարտադրվել Սովետական Ռուսաստանին: Ավելին, թուրքական կողմը պնդում էր, որ Ստալինն ինքն է անձամբ մասնակցել սահմանային բանակցություններին և հենց նրա առաջարկով է սահմանն ունեցել նման ուրվագիծ: Ստալինի առաջարկով (ով բավականին բարյացկամ վերաբերմունք ուներ թուրքական պատվիրակության նկատմամբ) թուրքական կողմը Բաթում քաղաքն ու նավահանգիստը փոխանակեց Երևանի նահանգի Սուրմալուի գավառի հետ՝ ստացան մոտավորապես 3600 քկմ` այն վերադարձնելով վրացիներին: Նույն 1945-ին Խորհրդային Ռուսաստանը նույնիսկ հրաժարվել է Կարսի պայմանագրից ու տարածքային պահանջներ է ներկայացրել Թուրքիային, սակայն ԱՄՆ-ն և Անգլիան թույլ չեն տվել:

Հարկ է նշել, որպայմանագիրը մի կողմից կնքել է ԽՍՀՄ-ը` Մոսկվայում, իսկ Կարսում` Խորհրդային Հայաստանը, սակայն Հայաստանը ինքնիշխան պետություն չէր, որպեսզի պայմանագիրը իրավական հետևանքներ ունենար նորանկախ Հայաստանի համար: Այդ է պատճառը, որ ներկայիս Թուրքիան հայ-թուրքական հաշտեցման գործընթացում առաջ է քաշում Կարսի պայմանագրի սահմանները ճանաչելու հարցը (պայմանգիրը բառի բուն իմաստով կրկնում է Մոսկվայում նույն` 1921 թվականին կնքված պայմանգրի կետերը, այստեղ միայն տարբերվում էին ստորագրությունները և մոսկովյան այդ հակահայկական պայմանագիրը հայ պատվիրակության կողմից ընդամեն ճանչվեց, սա էր Կարսում կնքված պայմանագրի էությունը: Հիշեցման կարգով նշենք, որ Լենինը «մատ» արեց այդ ժամանակվա Հայաստանի ղեկավարությանը` ի դեմս Միասնիկյանի, չնայած նրանք մտերիմ էին):
Պայմանագրերը հավերժական չեն, իսկ ուժի պարտադրանքով կնքվածները` առավել ևս: Հայ հանրույթը երբեք չի հաշտվի և կանի ամեն ինչ արդարությունը վերականգնելու համար:

Այս ամենի կոնտեքստում ընդգծենք, որ սույն թվականի ապրիլին` Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, Պուտինը ժամանաելու է Երևան, չնայած Էրդողանից նույնպես հրավեր է ստացել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Հետաքրքիր է` ինչպիսին է լինելու Ռուսաստանի թուրք բարեկամի ռեակցիան այս ամենին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել