Panorama.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են  2016 թվականի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը:  

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամաբ՝ վարչապետ Կարապետյանը պատասխանատուների առջև խնդիր է դրել անել ամեն ինչ՝ կենտրոնն արդեն ընթացիկ տարեվերջին շահագործման հանձնելու համար: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 2 մլն 716 հազար դոլար՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Բուժկենտրոնին է միացվելու նաև հարակից պոլիկլինիկան: Ժամանակակից սարքավորումներով բուժկենտրոնը սպասարկելու է տարածաշրջանի շուրջ 40 հազար քաղաքացիների:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև  Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել արտադրական գործընթացն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2005 թվականից հիմնված գործարանում արտադրվում է պանրի լայն տեսականի, որի հիմնական մասն իրացվում է տեղական շուկայում, արտադրանքի 25 տոկոսն արտահանվում է Ռուսաստան:

Գործարանը, որն ունի 40 աշխատող, հագեցված է  ժամանակակից սարքավորումներով և այն  ընդլայնելու ու  արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսվում են նոր ներդրումներ: Գործադիրի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ գործարանի ընդլայնման ներդրումային ծրագիրը գտնվում է կառավարությունում՝  քննարկման փուլում:
Վարչապետը ծանոթացել է «Աքվատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը, որը զբաղվում է կենդանի և եփած սառեցված խեցգետինների արտահանմամբ և պահածոների արտադրությամբ: 1996թ-ին ստեղծված ընկերությունը խեցգետինն արտահանում է Եվրասիական տնտեսական միության և եվրոպական երկրներ: Այն առայժմ միակ ձեռնարկությունն է ՀՀ-ում, որն ունի թույլտվություն վերամշակված խեցգետին ԵՄ երկրներ արտահանելու համար: Գործարանը  կառուցվել  է եվրոպական չափանիշներին  համապատասխան և աշխատում է HACCP ծրագրով, որը ներդրվել է ձեռնարկությունում 2007 թ-ին:  «Աքվատիկ»-ը պահածոների արտադրությամբ զբաղվում է 2009 թ.-ից և հիմնական արտադրանքը պատրաստվում է Պաշտպանության նախարարության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել