Քաղաքական բոլոր ուժերը նախընտրական այս փուլում խոսում են Արցախի մասին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից։ Քաղաքական մի ուժ առաջարկում է փոխշահավետ զիջումային տարբերակ (շրջանների հանձնել եւ այլն), մեկ այլ ուժ պարտավորվում է առաջին գծից հանել շարքային կազմին ու փոխարինել պայմանագրայիններով։ Մի ուժ էլ պնդում է, որ Արցախը պետք է միացվի ՀՀ-ին եւ այլն։
Այս իրարամերժ ու գլխապտույտ առաջացնող առաջարկներն ուսումնասիրելուց հարց է առաջանում մոտս. իսկ որեւէ մեկդ այս ընթացքում կամ ձեր նախընտրական ծրագրերը կազմելուց առաջ գոնե մեկ անգամ այդ առաջարկները քննարկե՞լ եք Արցախի իշխանությունների ու ժողովրդի հետ։ Օրինակ՝ հարցրե՞լ եք, թե արդյոք ճիշտ է շարքային կազմը պայմանագրայիններով փոխարինելը, հարցրե՞լ եք, թե ինչ են մտածում շրջանները փոխշահավետ տարբերակով հանձնելու մասին։ Հարցրե՞լ եք, թե ինչ կարգավիճակում են Արցախը տեսնում հենց արցախցիները։
Չեք հարցրել։ Չեք հարցրել, քանի որ ձեզ ամենագետների տեղն եք դրել։
Այսպես չի կարելի, մարդիկ կան, ապրում ու արարում են, գնացեք, քննարկեք, խոսեք հետները, հետո նոր եկեք, մեզ համոզեք ձեր մտադրությունների արդարացիությունը։