Էս ինչ երկար ստեղ չէի եղել...
Պահոոո՜, ահագին բան փոխվել ա, բայց մեկ ա LJ-ն նույն ձև տաք ա ու ջերմ ա ինձ համար:
Էրեկ լրիվ պատահական որոշեցի լսել Joni Mitchell-ի սիրածս երգերից մեկը` «Both sides now»-ն: Նայում էի 1970թ.–ի կենդանի կատարումը: Շատ սիրուն, շատ մաքուր, շատ խորը... էնքան հավատ կար իրա ձայնի մեջ ու միաժամանակ հանգստություն, ու հենց էդ հանգստությունը վստահությունն էր իրա, որը նրան ստիպում էր տենց գրել ու երգել...
Երգի էդ երիտասարդ ու սիրուն տարբերակը լսելուց հետո հայտնաբերեցի նույն երգի մեկ այլ կենդանի տարբերակ, որը կատարվել էր 2000 թվականին: 30 տարի... 30 տարի, որ փոխեցին էն ջահել ու թեթև երգող աղջկան...
Ու կատարումն էլ էր ուրիշ՝ ավելի խորն էր, ավելի վերապրած... Եթե առաջինում ինքն իր հավատը, հույսը ու աչքերի միջի կրակը իրան էր պահում, էս մեկում ոնց որ լսողին փոխանցեր էդ ամենը ու ասեր՝ հասեք ձեր բոլոր երազանքներին: Նույն երգի սենց տարբեր կատարում ինձ քիչ էր հանդիպել, երբ ուղղակի մի երգի մեջ կարող ես հասկանալ, թե 30 տարում ինչքան բան ա փոխվել:
Բայց ինչը ինձ գրավեց ամենաշատը... Ջոնին այդ տարիների ընթացքում չէր կորցրել այն արժեքները, որոնց մասին երգում էր, ու վստահ եմ՝ լիքը դժվարությունների է հանդիպել, կյանքի մեծ փորձ ունի կուտակած, բայց դեռ փորձում է նայել կյանքին երկու կողմից ու ասում է, որ դեռ ընդհանրապես չգիտի, թե ինչ է կյանքը...
Տասնյակ տարիներ կարող են անցնել, բայց մարդու արժեքները պետք է մնան կոնստանտ...մարդկային արժեքներն ու առաջնահերթություններն են մարդուն առանձնացնում ընդհանուր հոտից և դարձնում առանձնահատկություն...
Չմոռանանք՝ ով ենք, ինչի համար ենք ապրում, ինչի համար ենք պայքարում և ինչպիսի արժեքներ ունենք:



