Image result for армяно турецкая граница150.000 բնակիչ ունեցող Բաթումին հանդիսանում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքը, որը գտնվում է Վրաստանի հարավ-արևմուտքում։ Աջարիան ժամանակին մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, սակայն 1878թ.-ին թուրքերն այն զիջեցին Ռուսական կայսրությանը։ Վերջին 15 տարվա ընթացքում թուրքական ներդրումները սկսեցին հոսել Բաթումի, որտեղ թուրքական գումարներով կառուցվել են շքեղ հյուրանոցներ և կազինոներ։
Վրաստանի կառավարությունը չի հրապարակում տվյալներ թուրքական ներդրումների մասին տեղական տնտեսության մեջ, սակայն տեղական վարչակազմի նախկին չինովնիկի տվյալներով, ընդհանուր ներդրումների 80-90%-ը բաժին է ընկնում թուրքական ներդրումներին։

Թուրքիան տնտեսական ներկայությանը զուգահեռ փորձում է ավելացնել նաև իր քաղաքական ազդեցությունը։ Էրդողանն աջակցություն է ցուցաբերել Բաթումում նոր մզկիթի շինարարությանը։

Աջարիային սահմանակցում է հայաբնակ, սակայն արագ տեմպերով հայաթափվող Ջավախքը, որտեղ թուրք–ադրբեջանական տանդեմը փորձում է տնտեսապես ամրապնդվել` աջարացիների, թուրք-մեսխեթցիների և ադրբեջանցի, թուրք շինարարների (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծ) միջոցով փոխել տեղի ժողովրդագրական, էթնիկ-կրոնական դեմքը։

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀ քաղաքական կուսակցությունները պետք է դիրքորոշում ունենան Ջավախքի հայաթափման և այլ խնդիրների հետ կապված։ Նա նշել է, որ Ջավախքի հայաթափումը իրականություն է, գոյություն ունի։
ՀՀ-ն պետք է Ջավախքի հայաթափումը կանխող ռազմավարություն մշակի. դա կարող է լինել հայ-վրացական տնտեսական համագործակցության, համատեղ տնտեսական նախագծերի շրջանակներում։ Ջավախք պետք է գա «հայկական կապիտալ», որը կհավասարակշռի թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական էքսպանսիան այդ տարածաշրջանում, ինչպես նաև ստեղծելով տնտեսական ներուժ`աշխատատեղեր, կկանխեր տեղի հայերի արտագաղթը ՌԴ, ՀՀ-ն, իսկ Վրաստան-ԵՄ վիզաների ազատականացումից հետո՝ նաև Եվրոպա։

Անհրաժեշտ է ՀՀ-ի օլիգարխների, ՌԴ-ի հայ գործարարների գումարներն ուղղել Ջավախքում գյուղատնտեսական, զբոսաշրջային, վերամշակող և այլ ոլորտներում տնտեսական հզորությունների ստեղծմանը. այլ կերպ տվյալ տարածաշրջանից միգրացիան կշարունակվի, ինչը հղի է լրջագույն վտանգներով ՀՀ-ի ազգային անվտանգությանը, հյուսիսային սահմանների անվտանգությանն ու նույն Վրաստանին, որի ամբողջ հարավային, հարավարևմտյան սահմանների երկայնքով մահմեդական «միջանցք» է ձևավորվելու։

Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ են թե՛ Վրաստանում, թե՛ կոնկրետ Սամցխե-Ջավախքում. նպատակը պարզ է` փոխել տարածաշրջանի էթնիկ-կրոնական, ժողովրդագրական դեմքն ու այդ տարածքը դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածաշրջան։ Բաքուն տնտեսական էքսպանսիայի և ներկայության ամրապնդման «դրական» փորձ ունի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում։

Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում է տեղի կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը. գործում է «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը», այլ ՀԿ-ներ, ինչպես նաև SOCAR-ի ֆինանսավորմամբ հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Հայաստանի համար կենսական նշանակության՝ «կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի հենց ադրբեջանաբնակ շրջաններով։ Պատերազմի դեպքում՝ հայ-ադրբեջանական, Ղարաբաղում, տեղի ադրբեջանցիները կարող են Բաքվի դրդմամբ փորձել կտրել այդ ճանապարհը կամ դրանով անցնելը դարձնեն վտանգավոր:

Վրաստանի համար Թուրքիան շարունակում է մնալ տնտեսական կարևոր գործընկեր՝ հակակշիռ ռուսական շուկային ու ազդեցությանը, ինչպես նաև ռազմա-տեխնիկական ոլորտի ամրապնդման համար կարևոր գործընկեր:

Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են։ Ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:

Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել