Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որն ամրացված էր Պետական եկամուտների կոմիտեին,  իր շարժական և անշարժ գույքով ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այնտեղ գործունեություն է ծավալելու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: «Այդ կենտրոնում հնարավորություն կլինի ձևավորել լավագույն ավագ դպրոցը, որտեղ իրականացվելու է ակադեմիական բարձր մակարդակի ծրագիր, ստեղծված են լինելու հանրակացարանային տեսակի լավ կենցաղային պայմաններ, կան մարզական լավագույն հնարավորությունները և այլն: Կարողանալու ենք վարժարանի լավագույն փորձը համադրել լավ պայմանների հետ: Ավագ դպրոցը շեշտը դնելու է զինվորական մասնագիտության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պաշտպանության նախարարը:

Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է ավագ դպրոցի շրջանավարտներին ուսումը շարունակելու համար ուղարկել լավագույն ռազմական ակադեմիաներ՝ ՌԴ, Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել