Քաղաքական կախատեսումը ոչ միայն ապագայի մասին արտահայտվել է նշանակում, այլև այս կամ այն երևույթի կամ գործընթացի զարգացման հեռանկարների վերաբերյալ համակարգային հետազոտություն է՝ ժամանակակից գիտության միջոցների օգնությամբ։ Ընդհանրապես, ապագայի իրադարձությունների կանխատեսման ամեն մի փորձ պետք է հիմնվի բազմաթիվ հնարավորությունների պոտենցիալ զարգացումների գիտական վերլուծությունների վրա, հնարավորություններ, որոնց մի մասը կարող է վերածվել իրականության, իհարկե, եթե առկա են համապատասխան նպաստավոր պայմաններ։ Ըստ էության՝ յուրաքանչյուր օբյեկտիվ հնարավորություն իր մեջ կրում է իրականություն դառնալու գաղտնի, չբացահայտված միտումներ։
Կանխատեսման ճշմարտացիության հավանականության աստիճանն այս պատճառների հետևանքով անընդհատ պահվում է տատանողական վիճակում, որի պատճառով այդ աստիճանը մի դեպքւմ համեմատաբար մեծ է լինում, մյուս դեպքում՝ փոքր, և այսպես շարունակ։ Այստեղ է թաքնված նաև ժամանակային չափումների շրջանակներում կատարվող կանխատեսման մեթոդաբանական լիարժեք գործադրման բարդություններից մեկը։
Քաղաքական իրադարձությունների կանխատեսման օբյեկտիվ հիմքն այն է, որ դրանց ապագան հնարավորության ձևով գտնվում է ներկայի մեջ։ Հետևաբար, իրադարձությունների կանխատեսությունը քաղաքական գործիչների կողմից այդ գործընթացների, իրադարձությունների իմաստավորումն է և հետագա զարգացման հնարավոր տարբերակների կռահումը։
Պետք է նշեմ, որ անցյալն ապագայի կանխատեսման միանշանակ կարգավորիչ չի կարող լինել, բայց այն օգնում է հասկանալ, թե ինչու չեն իրականացվել անցիալի շատ կանխատեսումներ, ինչն է եղել նախապես կանխատեսումից շեղման պատճառները։ Արժե խորհել այն մասին, թե 1986թ.-ին գորբաչովյան վերակառուցման ծրագիրն արդյոք խորհրդային կարգերը կազմալուծելու միտում պարունակո՞ւմ էին, թե՞ ոչ։ Իսկ գուցե վերակառուցման գործընթացն անկառավարելի դարձնելու գորբաչովյան անկարողությունը համընկա՞վ ԽՍՀՄ-ի կործանելու հզոր տերությունների կանխամշակած ծրագրերի հետ։