Հայաստանի տնտեսության առաջատար ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է: Ինչպես հայտնի է, բարձր բերքի ստացման հիմնական գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատարումն է:
Օրեր առաջ գործադիր մարմնի կողմից հաստատվել է այս տարվա գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը:
Շատ կարևոր է բարձր վերարտադրություն ունեցող սերմացուներով հանրապետության բավարարվածության մակարդակի բարձրացման ապահովումն, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարումը:
Այդ նպատակով արտերկրից ձեռք է բերվելու 200 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորեն, 13 տոննա հնդկացորեն, 7 տոննա ոլոռ, 5 տոննա սիսեռ, 1000 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարի, 5 տոննա եգիպտացորեն, 10 տոննա առվույտ, ինչպես նաև 240 տոննա կորնգան:
Այն ընդգրկելու է շուրջ 10 հազար հա տարածք: Ծրագրի արդյունավետ իրագործումը կնպաստի գյուղացիների ֆինանսական բեռի կրճատմանն ու բերքատվության զգալի ավելացմանը: