Ձեզ ենք ներկայացնում բրիտանացի հռչակավոր հետախույզ Թոմաս Լոուրենս Արաբիացու հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է հայերին:  Կարող եմ ընդամենը մի բան խորհուրդ տալ. կարդացեք մի քանի անգամ, որովհետև մեկանգամյա ընթերցումը օգուտ չի ունենա. այնուհետև կարդալուց հետո փորձեք ընկալել այս հանճարեղ մարդու մտքերը, ինչը բավականին դժվար է, քանի որ նախադասություններ կան, որոնց շուրջ կարելի է ժամերով մտորել ու մտորել: Լոուրենս Արաբիացին մերկացնող ճշմարտություններ է ասում, այնքան արդիական և բնորոշ ներկայիս հայկական իրականությանը: Սա անցյալի դասերից է, որոնք մենք չենք սովորել և, ցավոք սրտի, դեռևս չենք ուզում սովորել:(Վահան Հունանյան) 

 

 

ԱՅԴ ԱՆՏԱՆԵԼԻ ՀԱՅԵՐԸ

(Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբիացու հետ)

Դա ի՛մ հարցազրույցն էր: Թեւ հյուրանոցի իր ապրած սենյակում էր, բայց ինքս էի խնդրել տեսակցությունը, եւ իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային եւ Մերձավոր արեւելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Սկզբում կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն, մի տեսակ ցնցվելով կռահեցի, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, եւ որ այդ նպատակն էր` իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի: Ուրիշ բաներ էլ: Ես` սկզբունքներով անկախ անհատս, շշմել էի եւ բավական նվաստացած էի զգում ինձ` ինչու՞ մենք՝ ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերին հոգալու եւ ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից եւ հենց իրենցից էլ, այլեւ, մի տեսակ, ինքներս էլ մեզնից եւ նրանցից փրկելու:

Նա ասաց, օրինակ, որ հայերը «մարդկային անտանելիության վերջնական խոսքն են»: Որպես ցեղ՝ ակադեմիկ բանավեճում նրանք համանման են «վերջին մարդուն»:1 Իսկ ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար՝ ազգերի մեջ ամենանվաստացվածը անդիմադրելի հմայք ուներ եւ ունի. այդպես էլ ասացի նրան:

Անգլիական հումորը մերինի նման չէ: Հակառակն է: Ամերիկյան հումորը, գոնե մասամբ, ասվածի մեջ է: Բրիտանական հումորը բրիտանացու չասածի՛ մեջ է: Այս բրիտանացուն ակնհայտորեն շատ դուր եկավ իմ ասածը: Ինձ թվաց, որ նա ուրախությամբ ծիծաղելու է կամ նման մի բան: Բայց նա փքվեց Բրիտանական կայսրության չափ, ասես պայթելու էր: Սակայն չպայթեց, չծիծաղեց, չասաց որեւէ բան, որ հումորի դույզն-ինչ նշան ցույց տար: Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր.

-Լավ:

Եվ ապա, կրկին մի դադարից հետո, երբ վերագտել էր իր ինքնատիրապետումը, մեր ամերիկյան իդեալիզմի մասին խոսեց լրջորեն, ավելի ճիշտ՝ բավական տաղտկալիորեն. թեւ ինքը համարում էր, որ դա սքանչելի է: Իսկ ըստ իս՝ մի քիչ չափից ավելի էր սքանչելի համարում: Կարծում էր, թե մենք՝ ամերիկացիներս չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել, մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք՝ մեզ համար: Երկուսս էլ հուսահատական պարագաներ ենք, մանավանդ հայերը:

Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդեպ, կամ էլ, ավելի ճիշտ այսպես ասեմ՝ նրանց վերաբերյալ ունի մի այնպիսի իմացություն կամ փորձառություն, որ նրան թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին եւ հայերի բոլոր մերձավոր հարեւաններին, որոնք երբեւէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ցեղը: Կարծես թե նրա մտքինն այն էր, որ դա հայերի հանդեպ անելիք միակ բանն է: Ուղղակի այդպես չասաց: Կարող եք նկատել, որ շատ էլ ազատորեն չեմ մեջբերում այս հեղինակության խոսքերը: Պատճառն այն է, որ նրա մեթոդը, ինչպես երեւում է, ոչ թե իր կողմից որեւէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր տպագրել ցանկացած բաները ե՛ս ասեմ եւ` այնպիսի ձեւով, որ անհրաժեշտության դեպքում կարողանա ժխտել դրանք: Ուստի նա չասաց, թե հայերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այնպիսի տպավորություն ստեղծեց այն ժամանակ, թե դա է հայկական հարցի միակ լուծումը, եւ թե այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը:

Նա այնպես էր համարում, կամ ինձ էր ստիպում համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիվ են եւ` քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները. սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից եւ արդյունավետ չեն. երբեք որեւէ բան մինչեւ վերջ չեն հասցնում, եւ երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճույքը հագենա, ձեռք կքաշեն: Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, ախոյան ցեղերը դադարեցրել են գործը՝ նախքան բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ՝ Ադամ ու Եվաներ, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ այնտեղ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով ու…

Նա ինձ վրա ոտից գլուխ տարածեց իր մալթուսական հուսահատությունը եւ մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ, երբ իմ փրկարար ամերիկյան հումորը շունչս տեղը բերեց:

- Բայց ինչու՞ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը,- հարցրի եւ, ակնկալելով իր հումորի զգացումը, ժպտացի: Իզուր: Կարծում եմ` ամերիկյան հումորի զգացումը նա չուներ. սպասեց, որ իմ զվարթ ժպիտը չքանա, ու հետո երբ տեսավ, որ ես իմ մեջ եմ քաշվել նորից եւ լրիվ լուրջ եմ, պատասխանեց ինձ լրջորեն:

- Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն,- ու բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների եւ պետք է, անշուշտ, դիմանա ուրիշ ցնցումների եւս, բայց չափից ավելին, հենց ա՛յս ժամանակ2, կարող է սասանել կայսրությունը:- Իսկ կայսրությունը, հենց ա՛յս օրերին, չպետք է սասանվի անհարկիորեն: Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները՝ պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլեր, համաճարակներ եւ այլն, հետեւանք են այն իրողության, որ երկրագունդը թեեւ ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանացիները մի օր պիտի վերջ տան այս անիշխանականությանը: Բայց կայսրությունը երիտասարդ է տակավին եւ հարաբերաբար փոքր, թույլ եւ գերծանրաբեռնված: Հաշվի առեք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերը եւ առեւտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրություններն ու պատասխանատվությունները, որ Բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ո՛չ: Բրիտանական կայսրությանը պետք է խնայել առայժմ: Հետագայում, երբ, այսպես ասած, ծովերի ազատությունը ցամաք հանվի, եւ երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլո՛ր ցամաքների, ապա Մեծն Բրիտանիան կկարողանա, եւ պետք է կարողանա ուրախությամբ ընդառաջ գնալ հաղթահարելու մի այնպիսի ցնցում, որ ես (նա հենց այդպես էլ ասաց՝ «ես») առաջարկում էի Հայաստանում: Բայց ո՛չ դեռ, ո՛չ այժմ: Ո՛չ կայսրության դեռ մանուկ հասակին:

- Բացի այդ,- հարեց նա,- բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով՝ որպես այդպիսիք: Անգլիացիները գործնական մարդիկ են, ո՛չ իդեալիստներ, հասկանու՞մ եք: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մի կառավարություն պետք է հիմնվի, բայց ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի նման` գաղափարների եւ իդեալների, սկզբունքների եւ ժողովուրդների վրա, այլ շոշափելի բաների՝ նավթի, հանքանյութի, օդային տարածության, ծովերի:

- Բայց,- առարկեցի ես (եւ կարող եք տեսնել, թե ուր էր հասցնում նա ինձ. առարկում էի հօգուտ իր երկրի՝ իմ երկրին ընդդեմ),- հարուստ հողեր եւ շահավետ հանքավայրեր կան Հայաստանում:

Նա լուռ մնաց: Այնքան երկար մնաց այդպես լուռ, որ ինձ թվաց, թե շփոթության եմ մատնել նրան, թե նա չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու եւ պայթելու նրա հակումը: Եվ որքա՜ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում եմ՝ դա կթեթեւացներ ինձ էլ, նրան էլ: Բայց ոչ, նա չծիծաղեց: Չժպտաց նույնիսկ: Պարզապես սպասեց, ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, որ լսած կլինեմ, ինչպես, ասաց, ինքն էլ է լսել, թե Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ՝ հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը:

- Բայց,- դարձյալ առարկեցի ես,- ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով բնական հարստությունները,- համբերությամբ բացատրեցի նրան,- ոչ մի օգուտ չեն տա կապիտալին` առանց այն աշխատուժի, որ պետք է փորի ու զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը, լավագույնը:

Տեսնում էի՝ տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար ետեւից օրինակներ էի բերում ամերիկյան, ինչպես նաեւ բրիտանական գաղութներից՝ նրան ցույց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Պետք է միասին օգտագործվեն դրանք, միասին զարգացվեն, եւ այդպես էլ արվում է սովորաբար: Չկա ուրիշ ճանապարհ: Նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որեւէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, երբ կջանան օգտագործել Հայաստանի հարստությունները: Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց՝ բավականին հաջող:

- Ես կոչ եմ անում,- գոչեցի վերջապես,- ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստա՛նը հայերի համար», այլ գործնականորեն՝ «Հայե՛րը Հայաստանի համար»:

Նա ինձ նայում էր ոտից գլուխ չափելով, հետաքրքրությամբ՝ ինձ թվաց: Կարծես մի նոր պատկերացում էր ստանում ամերիկացիներիս մասին: Ասել էի, որ չգիտե մեզ, եւ նա թե՝

- Որեւէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որեւէ անգիտակից ամերիկացու:

Շատ էլ չեմ ըմբռնում, թե ինչ էր ուզում ասել դրանով, բայց դրա նման դատողություններն էին, որ ինձ տալիս էին այն խռովիչ տպավորությունը, թե նա բոլորովին սխալ էր պատկերացրել մեզ: Ու որոշեցի ցույց տալ նրան, նախքան հաշիվները կմաքրեր ինձ հետ, թե ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդեալիստներ, ինչպես նա եւ շատ եվրոպացիներ հետեւցրել են այն մի օրինակից, որ նախագահ Վիլսոնն է եւ նրա 14 կետերը: Բայց նա չափազանց երկար ու լուռ ուսումնասիրում էր ինձ: Սկսեցի մտածել, որ ինչ-որ սխալ էր գտնում իմ մեջ կամ մեր մեջ. գուցե ես շա՞տ էի թեքվել գործնականության կողմը, ու հիշեցի, թե ինչպես էր նա հայերին կշտամբում դրա համար: Ուստի դարձ կատարեցի: Ավելի գաղափարապաշտորեն եւ, հուսով եմ, հայրենասիրաբար խոսեցի կրկին:

- Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը: Նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու:

- Այո, այո, մենք հասկանում ենք այդ բոլորը,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլլոգիզմը:

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել