Խաղաղություն՝ հողերի դիմաց
Դժվար է հասկանալ, թե ինչ բորբոքված երևակայությունում կարող էին ծագել պարտվողական բնույթի թեզերը ընտրարշավի մեխ դարձնելը, բայց ՀԱԿ-ում հենց դա էլ արել են։ Ըստ էության՝ ՀԱԿ-ի քարոզարշավի գլխավոր խոստումը խաղաղությունն է, որը, չգիտես ինչու, հնարավոր է միայն ու միայն հողերը հնարավորինս շուտ հանձնելու պարագայում։ Ընդ որում՝ չի բացատրվում, թե ինչից է բխում այն եզրահանգումը, որ հենց հողերը վերադարձնենք, Ադրբեջանը միանգամից խաղաղվելու է ու բարիդրացիական հարաբերությունների է ձգտելու, իսկ «հող հանձնողի» պիտակը ավելի դյուրամարս դարձնելու համար ՀԱԿ-ում որոշել են ևս մի նոու-հաույի դիմել և ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ հայոց պատմության ամենամեծ հող հանձնողը Տիգրան Մեծն է եղել, ով հրաժարվել էր իր բոլոր արտաքին նվաճումներից։ ՀԱԿ-ում հավանաբար չեն հասկանում, որ Տիգրան Մեծի վեհությունը դրանում չի կայանում, իսկ այդ որոշումը ոչ թե բարի կամքի դրսևորում էր, այլ Հռոմին պարտված պատերազմի արդյունքում կնքված կապիտուլյացիայի հետևանք։
Հանենք արագաչափերն ու կարմիր գծերը
Միանգամից հարց է առաջանում, թե ինչու։ Ու եթե կարմիր գծերի մասով դեռ կարելի է քննարկել դրանց նպատակահարմարությունը, ապա արագաչափերի պարագայում բացարձակապես հնարավոր չէ հասկանալ դրանցից հրաժարվելու նպատակահարմարությունը։ Թե՛ կարմիր գծերը, թե՛ արագաչափերը ներկայումս իրենց ամբողջ շահույթը ուղղում են դեպի պետբյուջե, իսկ մենք խոսում ենք միլիոնավոր դոլարների մասին։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ աղբյուրներից են պատրաստվում կոմպենսացնել պատճառված վնասը, էլ չխոսենք այն փաստի մասին, որ եթե չես ուզում արագաչափի կողմից տուգանվել, ապա ոչ թե արագաչափն է պետք հանել, այլ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Դուրս գանք ԵԱՏՄ-ից ու մտնենք ԵՄ
Այս փառահեղ հիմարության ջատագովը Ազատ դեմոկրատներն են։ Մարդիկ միանշանակորեն պայքարելու են ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ու մտնելու են ԵՄ։ Ընդ որում՝ պարոնայք չեն էլ մանրանում, թե ինչպես են պատրաստվում գլուխ դնել անխուսափելի տնտեսական հետևանքների հետ, որոնցով հղի է ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Օրինակ՝ ոչ մի հոդաբաշխ խոսք չկա, թե ինչպես են պատրաստվելու վճարել գազի այն սակագինը, որն անմիջապես կսահմանվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի համար։ Գազը փառք է, մնացած բոլոր ներկրվող ու արտահանվող ապրանքների ճակատագիրը, մեղմ ասած, մշուշոտ է, բայց դե ի՞նչ էական է դա։ Չէ՞ որ նախընտրական շրջանում արված մուտիլովկան բարի ավանդույթ է։ Դե ԵՄ-ին անդամակցելու մասով ավելի լավ է լռենք, որովհետև այս թեզը ամենաշատը կզարմացնի պաշտոնական Բրյուսելին, ով անգամ օրակարգում չունի ՀՀ-ին ԵՄ անդամ դարձնելու հարց։ Մինիմալ գիտելիքներ ունեցող մարդն անգամ հասկանում է, որ բանակցային սեղանին եղել է ոչ ավելին, քան ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագիր, ոչ ավելին։ Անդամակցության մասին խոսք չկա, ու վստահեցնում եմ՝ չի էլ լինի։ ԵՄ-ն անգամ եղած արևելաեվրոպական երկրների բեռը չի կարողանում մարսել, ուր մնաց, թե մի հատ էլ Հայաստանի պես բանանային ռեսպուբլիկա շալակն առնի։
Թոշակների ու աշխատավարձերի կտրուկ բարձրացում
Սքանչելի մտահղացում է, պարզապես հասկանալի չէ, թե առանց այն էլ դեֆիցիտով գոյատևող պետբյուջեն ինչո՞ւ պետք է փուլ չգա։ Իսկ այն փուլ կգա, նամանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ այս շռայլ խոստում տվող քաղաքական ուժի հենք հանդիսացող բիզնես կայսրությունը քիչ է մնում՝ սնանկության հայտ ներկայացնի։ Համենայն դեպս՝ դատելով հարկային ռեեստրի տվյալներից։ Կա՛մ գործերը լավ չեն, կա՛մ էլ պարզապես ստվերային մասն է շատ, ու հարկերից խուսափում են (բայց դե ո՞վ է տեսել, որ ազգի փրկության մասին խոսողները հարկերից խուսափեն)։ Ցանկացած պարագայում աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը հնարավոր է միայն պետբյուջեի եկամուտների ավելացումից հետո, այլ ոչ հակառակը․ առավոտյան՝ փող, իսկ երեկոյան՝ աթոռները։ Հակառակը չի լինում։
Հարկերից ազատում
Միանգամից մի քանի քաղաքական ուժ հանդես են եկել փոքր ու միջին բիզնեսը հարկերից ազատելու/հարկային արձակուրդ տալու/հարկերը կրճատելու խոստումներով։ Պարոնայք մտքի գիգանտները հավանաբար չեն հասկանում, որ Հայաստանի տնտեսության խնդիրը ոչ այնքան հարկային բեռն է, որքան դրա անհամաչափ բաշխվածությունն ու ստվերը, մենաշնորհներն ու անհավասար մրցակցային պայմանները։ Եթե նշվածները չլուծելով հարկեր ես կրճատում կամ էլ ընդհանրապես չեղարկում, ապա բյուջեն զրկվում է եկամուտների շոշափելի մասից, ինչն անհապաղ ազդեցություն է ունենում ամբողջ տնտեսության վրա։ Բայց քանի որ ոչ մեկ չի պատրաստվում խոստումներից այն կողմ գնալ, գերադասում են չգրգռել իրական ստվերի ու մենաշնորհի գիգանտներին ու փոխարենը մարդկանց են հիմարեցնում՝ հիմար խոստումներ տալով։ Միևնույն է, սպառողների մեծամասնությունը ո՛չ հասկանում է, ո՛չ էլ ուզում է հասկանալ նման խոստումների դեստրուկտիվությունը։
Հիմար խոստումները շատ են, ավելի շատ, քան վերոնշյալ հինգը, բայց այդ մասին՝ հաջորդ դասին, իսկ հիմա բավարարվենք այսքանով, որովհետև կասկած չկա, որ մինչև ընտրությունները դեռ քննարկելու շատ հարցեր ենք ունենալու։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/03/5.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել