Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Tert.am-ի հետ զրույցում գնահատելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթները, ասաց, որ ինքը չի հավատում ՀՀԿ-ի և Դաշնակցության ծրագրերին: Ընդդիմության դաշտում նա նշեց, որ կան որոշ ուժեր, որոնք փորձում են կոնկրետ հարցադրումներով հանդես գալ, և առանձնացրեց այդ ուժերին: «Այսօր հրապարակում կան ուժեր, որոնք խոստումներ են տալիս, որոնց գինը շատ բարձր է»,-ասաց նա:
-Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական դրույթներին ծանո՞թ եք, ո՞ր քաղաքական ուժի ծրագիրն եք ավելի իրատեսական համարում:
-Ես ՀԱԿ-ի հետևողական կողմնակիցն եմ և, բնականաբար, որոշ հարցերում կողմնակալ եմ, բայց կփորձեմ օբյեկտիվ գնահատականներ տալ: Նախ` առանձնացնեմ իշխանական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ծրագրերը. զավեշտալի է գուցե, բայց եթե որևէ մեկը ցանկանում էր այս իշխանություններին խայտառակ անել, ցեխը գցել, պետք է նստեր այդ ծրագիրը գրեր: ՀՀԿ-ի ծրագրին, եթե ձևական մոտենաս, ապա շուրջ 50 էջի վրա շարադրված գիտական վերլուծություն հանդիսանալու հավակնող փաստաթուղթ է, որը շատ նման է նորընտիր կառավարության հրապարակված ծրագրին և կառավարության 100 օրվա գործունեության հաշվետվությանը, որտեղ քարը քարի վրա թողնված չէ, քննադատության առարկա են դարձել մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի թերևս բոլոր հատվածները: Այդ ծրագրի հեղինակները ասում են, որ մենք պետք է խաչ քաշենք այս ուժի վրա: Համոզված եմ, որ ծրագիրը իշխող ուժի համար միայն ձևականություն է, ՀՀԿ-ն ընդամենը ցանկանում է վերարտադրվել և ստիպված հանդես է գալիս իրար հետ որևէ կապ չունեցող, անգամ իրարամերժ ծրագրերով: Ուղղակի դրեք համեմատեք, օրինակ, Սերժ Սարգսյանի 2008 թվականի և այսօրվա ծրագրերը և առաջանում է զարմանք ու ափսոսանք: Նույնը կարելի է ասել իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի մասին՝ վկա 2012 թվականի նախընտրական ծրագիրը: Նախ` որևէ ծրագրային կետ այդպես էլ իրականություն չի դարձել և որևէ խոսք չկա պատասխանատվության մասին: Փորձ անգամ չի արվում գնահատել անցած ուղին, վերլուծել առկա պրոբլեմները, շտկել սխալները, այսինքն` իսպառ բացակայում է գործնականությունը:
Ընդդիմության դաշտում ունենք բազմազանություն, կուսակցություններ կան, որոնք խոսում են տնտեսական քաղաքականության միայն սկզբունքների մասին, կան որոշ ուժեր, որոնք փորձում են կոնկրետ հարցադրումներով հանդես գալ: Այստեղ աչքի է ընկնում «Ազատ դեմոկրատներ» ծրագրի տնտեսական հատվածը:
-Հենց նրանց ծրագրում կա հարկային ամնիսիտիա կիրառելու առաջարկը, նույնը նաև «Ծառուկյան» դաշինքում է, արդյոք դա իրատեսական համարո՞ւմ եք:
-Ընդհանրություններ շատ կան տարբեր ուժերի ծրագրերում. վարկային ամնիստիա,վարկային տոկոսադրույքների նվազեցում, ձեր նշած հարկային ամնիստիան: Ցավոք, այս հարցադրումներն անելուց ընդհանրապես չեն խոսում հնարավորությունների մասին: Հարկային ամնիստիան, օրինակ, իրականություն դարձնել շատ դժվար և շատ նուրբ երևույթ է: Չկատարած պարտավորությունները կատարելուց ազատելը վտանգավոր երևույթ է, ի վերջո տուժում են պարտավորություն կատարածները, փաստորեն կասեցվում է որոշ օրենքների գործողությունը, բայց ամնիստիայի անհրաժեշտություն ես տեսնում եմ: Շատերին թվում է թե բանկային համակարգը մի տզրուկ է դարձել, որը ժողովրդի, գյուղացու, տնտեսության արյուն է ծծում, բայց այնտեղ էլ շատ խնդիրներ կան և պետք է մտածենք բանկային համակարգի առողջացման մասին, որտեղ ևս նման մեխանիզմներ կարող են կիրառվել: Նուրբ և բարդ գործիք է և տնտեսական քաղաքականության որոշիչ միջոց չէ, այլ ընդամենը մի տարր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/11/bagrat-asatryan/2305522
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



