Times.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի իր գործընկերներին առաջարկել է իրենց երկրների կապիտալը ներգրավել Մեղրիում բացվելիք ազատ տնտեսական գոտում։
«Ես նրանց առաջարկել եմ՝ եթե հետաքրքրություն ունեն իրանական շուկայի նկատմամբ, ներգրավվել այս ծրագրում։ Մենք իրանական գործընկերների հետ ձևավորում ենք մի հարթակ, որը հնարավորություն կտա դուրս գալ այդ երկրի 80 միլիոնանոց շուկա։ Հայաստանի առևտրաշրջանառությունը հարևան Իրանի հետ կազմում է 50-70 մլն դոլար՝ չհաշված էներգետիկ ոլորտը, ինչը շատ քիչ է։ Սյունիքի մարզի տնտեսությունը, հատկապես գյուղոլորտը մենք ցանկանում ենք ուղղել իրանական շուկա»,- ասաց ՀՀ վարչապետ ը՝ հավելելով, որ ներկայում հարևան երկրի հետ առկա է գործընկերային ջերմ հարաբերություններ տարբեր ոլորտներում։
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանում ներդրվում է իրանական ապրանքների որակավորման «Հալալ»-ի ինստիտուտը և հայկական ապրանքները, որոնք կհամապատասխանեն այդ որակավորմանը, առանց որևէ խնդրի հնարավոր կլինի արտահանել Իրան։