Հուլիոս Կեսարն իրեն համարում էր Վեներա աստվածուհու հետնորդը. «Նա կյանք մտավ և ավարտեց այն` ինչպես Աստված»,- ասվել է նրա մասին: Հաղթանակած զորավարին և նրա փառապանծ զորքին հինգ անգամ ցնծությամբ է դիմավորել Հին Հռոմը: Կեսարը հաղթանակներ է տարել Գալլիայում, Եգիպտոսում, Աֆրիկայում և Ասիայում: Հաղթող հերոսը թուլություն ուներ գեղեցիկ սեռի հանդեպ: Հաղթահանդեսներին նրա մասին երգում էին. «Թաքցրե՛ք կանանց, քաղաք է մտել ճաղատ անառակը»:
Կեսարը պաշտոնապես ամուսնացել է չորս անգամ, իսկ սիրուհիներին թիվ ու հաշիվ չկար: Նրան համարում էին «բոլոր կանանց ամուսին»: Կայսեր սիրուհիների թվում էին նաև Մավրիտանիայի թագուհի Էվնոյան և հայտնի Կլեոպատրան, որը Կեսարից փոքր էր 32 տարով: Հենց Կլեոպատրային էր վիճակված Կեսարին պարգևել միակ արու զավակը` Կեսարիոնին, որին սակայն, վիճակված չէր Հռոմի տիրակալը դառնալ:

Արիստոկրատները ատում էին Կեսարին կրկնակի` իրենց արտոնությունները վերացնելու և իրենց կանանց գայթակղելու համար: Ի դեպ, Կեսարին սպանողներից Բրուտոսը նրա սիրուհու` ազնվազարմ Սերվիլիայի որդին էր:
Կեսարն ի սկզբանե վատառողջ էր, ուներ թույլ կազմվածք, տառապում էր գլխացավերով և ընկնավորության նոպաներով: Սակայն դա չէր խանգարում նրան ակտիվ զինվորական կյանք վարել: Անընդհատ արշավանքներով, աղքատիկ սննդով, զրկանքներով և դժվարություններով մեծ զորավարը փորձում էր հաղթել իր թուլությունը և կոփել տկար մարմինը: Միայն Գալլիայում, տասնամյա պատերազմի ընթացքում Կեսարը գրավել է 800-ից ավելի քաղաք, կռվել 3 միլիոն մարդու դեմ: Հաճախ ինքն էր մասնակցում ձեռնամարտերին` խիզախության օրինակ ծառայելով հասարակ զինվորների համար:
Չնայած իր բազմաթիվ արատներին` Հուլիոս Կեսարը մեծ, վեհաշուք անձնավորություն էր, վառ անհատականություն, նշանավոր պետական գործիչ ու անպարտ զորավար:

Հին Հռոմում մ.թ.ա 62 թվականի դեկտեմբերին կանայք տոնում էին «Բարի աստվածուհու» օրը: Ըստ ավանդույթի` նրանք հավաքվել էին Հուլիոս Կեսարի տանը: Հանկարծ աղմուկ լսվեց: Պարզվեց, որ Կեսարի մայրը` Ավրելիան, հայտնաբերել էր, որ տանը զգեստավորված տղամարդ կա Պոմպեայի մոտ: Խախտում կատարողն առանց դժվարության փախավ հավաքատեղից, սակայն նրա անունը գաղտնիք չմնաց: Դա երիտասարդ արիստոկրատ Կլոդիոսն էր: Այդ անունը հռոմեացիներին քաջ ծանոթ էր: Նա Հռոմի «ոսկյա երիտասարդության» առաջնորդն էր: Ի վերջո նա կանգնեց դատարանի առջև, սակայն Կեսարը ոչ միայն չմեղադրեց Կլոդիոսին, այլև հայտարարեց, թե ոչինչ չգիտի մեղադրվողի զանցանքի մասին: Բայց դա չխանգարեց, որ նա բաժանվի կնոջից: Այն հարցին, թե ինչու բաժանվեց, նա պատասխանեց. «Կեսարի կինը պետք է կասկածից դուրս լինի»:

Մ.թ.ա 60 թվականին Կլոդիոսը ձգտում էր դառնալ ժողովրդական տրիբուն: Նրա ջանքերը ապարդյուն չէին: Թեև բարձր խավի հասարակությունը ատում էր նրան, բայց հանրաճանաչություն Կեսարը նվաճեց: Կեսարը դարձավ կոնսուլ և ընդառաջեց Կլոդիոսին «որդեգրվել» ժողովրդի կողմից: Սկզբում Կլոդիոսն ընդունում էր օրենքներ, որոնք շահավետ էին եռապետությանը, իսկ հետո այնքան ինքնուրույնություն ցուցաբերեց, որ արդեն սպառնում էր Կեսարին և Պոմպեոսին: Նա ձեռքից մաքուր չէր և փող էր վերցնում օտարերկրյա հարուստներից, որոնք շահագրգռված էին Հռոմի աջակցությամբ: Իր հասցեին սպառնալիքները Կլոդիոսն օգտագործում էր որպես առիթ ստեղծելու զինված ջոկատներ: Նա ամեն տեղ ներկայանում էր զինված ջոկատներով: Վերջիններս սկսեցին քամահրել իրենց հակառակորդներին, և սարսափը սողոսկեց Հռոմի խաղաղ ժողովրդի մեջ: Կլոդիոսն իր ջոկատներն օգտագործում էր ոչ միայն անձի անվտանգության և քաղաքական նպատակներով, այլև զբաղվում էր ուրիշի ունեցվածքն ու տարածքները խլելով: Նա իրեն դրության տեր զգալով` խառնվում էր միջազգային և պետական գործերին, հակառակվում Պոմպեոսին և նույնիսկ նրա մոտ ուղարկում մարդասպանների: Պոմպեոսը չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Նա գտավ Կլոդիոսից ոչ պակաս անսանձ մի մարդու` Միլոնին, որն էլ զինված իր մարդկանցով դուրս եկավ Կլոդիոսի դեմ: Սկսվեց իսկական կռիվ: Փայլատակվեցին դաշույնները: Կլոդիոսը վիրավորվեց: Նրան տեղափոխեցին մոտակա պանդոկը: Այնտեղ էլ Միլոնի զինվորները վերջ տվեցին նրա անփառունակ կյանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել