Երեկ Կոլումբիայում հրավիրված Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը, որի արդյունքում մեր երկրին շնորհվել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:
Ինչպես նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱՃԹՆ-ի շնորհիվ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն կապահովվի եւ կբարձրանա հանրության առջև հաշվետվողականությունը:
Հարությունյանի խոսքով՝ այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար: Ավելին՝ բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար:
Նշենք, որ ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար, իսկ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը եւ համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի միջեւ:
Ի դեպ, Հայաստանը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը: