Ժամանակակից աշխարհում ազգայնականության առջև ծառացած մարտահրավեր են հանդիսանում գլոբալացման գործընթացները, որոնք անմիջականորեն ներազդում են ազգային պետությունների գոյության և ինքնավարության վրա: Հետևաբար նշանակալի է դառնում այն հարցը, թե ինչպես և ինչ միջոցների շնորհիվ է շարունակում գործառնել ազգայնականությունը` որպես ազգի և ազգային պետության պահպանման հիմք:
Առնչվելով պետության շահերին` ազգայնականության գաղափարախոսության դիտարկումը հատկապես կարևորվում է քաղաքական համակարգում, քանի որ հենց այս համակարգի սուբյեկտների կողմից ազգայնական գաղափարախոսությունների մեկնաբանումները և արտահայտումներն ազդում են հասարակական կարծիքի և դիրքորոշումների ձևավորման ու ամրապնդման վրա:
Քաղաքական համակարգում նման կարծիքի առաջատարների դեր կարող են ստանձնել ինչպես առանձին անհատներ, քաղաքական գործիչներ, այնպես էլ քաղաքական խմբավորումներ, կուսակցություններ: Այս առումով մեծ կարևորություն են ներկայացնում Հայաստանում գործող առավել ակտիվ և մեծ լսարան ունեցող քաղաքական կուսակցությունները, քանի որ պետական մակարդակի որոշումները, իրականացվելով իրենց ծրագրերի համաձայն, պայմանավորում են նաև հայ ազգայնականության կառուցակցման հետագա ընթացքը:
Խոսենք ՀՀ քաղաքական կուսակցությունների ծրագրերում ազգայնական միավորների ընդգծվածությանը` որպես այս կամ այն գործոնի առաջնայնության և նշանակալիության արտահայտում: Այս դեպքում որպես հիմնական գործոն, որն առաջ է քաշվում ՀՀ քաղաքական կուսակցությունների ծրագրերում, պետության գաղափարն է: Մասնավորապես «հայրենիք»-ն այն միավորն է, որն առավել հաճախ է ընդգծված (մեծատառով) ներկայացվում ուսումնասիրված կուսակցությունների ծրագրերում` բացառությամբ որոշ քաղաքական սուբյեկտների:
Մյուս գործոնը, որն առավելապես ընդգծվում է ՀՀ քաղաքական կուսակցությունների ծրագրերում, ցեղասպանությունն է: Այս միավորի ընդգծումն, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ ցեղասպանությունը հանդիսանում է այն հիմնասյուներից մեկը, որի վրա կառուցվում է հայ ազգային-կոլեկտիվ հիշողությունը, և հետևաբար այն նաև էական նշանակություն ունի հայ ազգայնականության կառուցակցման գործում:
Ոչ պակաս կարևոր են նաև ազգի, պետության և կրոնի առանձնակի ներկայացումները: Ըստ էության՝ պետությունն այն առաջնային գործոնն է, որը ընկած է ոչ միայն հայ ազգայնականության, այլև ընդհանրապես ազգայնականության կոնստրուկտի հիմքում: Մյուս կողմից ազգի ընդգծումը պայմանավորված է նրանով, որ ազգը և ազգայնականությունը հանդիսանում են փոխկապված և փոխպայմանավորող գործոններ: Ինչ վերաբերում է կրոնին, ապա այն հայ ազգայնականության համար հանդիսանում է այն գործոնը, որը «մենք»-ի և «նրանք»-ի հստակ սահմանների ընդգծման հիմք է ստեղծում: Հետևաբար կրոնի շեշտադրությունը կոչված է ընդգծելու նաև ազգային առանձնահատկությունները և բացառիկությունը:
Ընդհանրացված ձևով ներկայացնելով հայ ազգայնականության կառուցակցմանն ուղղված ՀՀ քաղաքական կուսակցությունների գործունեությունը, կարող ենք առանձնացնել հետևյալ դրույթը. ՀՀ քաղաքականությունն ուղղված է ազգայնականության կառուցակցմանը հիմնվելով, մասնավորապես՝ ծագման, մշակույթի, լեզվի ընդհանրությունների և ազգի բացառիկության ընդգծման վրա: