Ադրբեջանում սկսվել է տեղական արտադրության «Zərbə» անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն ու մասսայական արտադրությունը։ 2017թ.-ին նախատեսվում է ևս երկու տեսակի անօդաչուների արտադրության մեկնարկ։
Մարտի 4-ին ժամը 12:15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող Orbiter տեսակի անօդաչու թռչող սարք: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում։

Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամներ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։

Ադրբեջանը, քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային, օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա–հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։

ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։

Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել. կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստին, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։

Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել