Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հացադուլի դուրս եկած ակտիվիստ Բայանդուր Պողոսյանն այսօր՝ ժամը 20:00–ին, պատրաստվում է դադարեցնել հացադուլը։ «Այսօր 6–րդ օրը կլրանա, և ես Րաֆֆի Հովհաննիսյանից թույլտվություն կվերցնեմ դադարեցնել հացադուլը, քանի որ աջակցության ժամկետն այսքան էր որոշված, և եթե պարոն Հովհաննիսյանը ճիշտ համարի, որ ես հիմա դադարեցնեմ, ես կդադարեցնեմ»,–Tert.am–ի հետ զրույցում ասաց նա։


Վերջինիս խոսքով, ի սկզբանե որոշված էր, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մինչև վերջ հացադուլ պետք է աներ, բայց հետո հասկացել է, որ նա ավելի շատ կանհանգստանա իր առողջության համար։ «Հացադուլն արդեն իսկ ծանր բեռ է, և ես փոխանակ օգնելու վնաս կտամ և իր համար անհանգստություն կստեղծեմ, դրա համար որոշեցի, որ աջակցությունը սահմանափակ լինի»,– ասաց երիտասարդը՝ նշելով, որ ավելի շատ քաղաքացիներ պետք է միանան, և ինքը կոչ է անում քաղաքացիներին միանալ հացադուլին։


Իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը Բայանդուրը համարում է, որ ուղղված չէ մեր կառավարությանը, և դա ավելի շատ մոբիլիզացիայի կոչ է ժողովրդին։ «Մենք բոլորս գիտենք, որ կառավարությունը թքած ունի մեր կյանքերի վրա էլ, կարծիքների վրա էլ, և դա իրենք ցույց տվեցին ընտրություններով»,–ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ քայլն ուղղված է ժողովրդին, և իր կարծիքով՝ ժողովուրդը կգնահատի Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը։

Նյութը՝ Tert.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել