Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը առաջարկում է իր երկրում արգելել թուրք քաղաքական գործիչների քարոզչական ելույթները: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Մեր որոշումը պետք է պարզ լինի. մենք չենք հանդուրժի թուրք քաղաքական գործիչների քարոզչական ելույթները Ավստրիայում: Մենք ընդհանուր առմամբ չենք ցանկանում, որպեսզի այլ երկրների նախընտրական քարոզարշավները տեղափոխվեն Ավստրիա, քանի որ դա հանգեցնում է հակամարտությունների»,-ասել է Կուրցը:
Նրա խոսքով՝ Ավստրիայի թուրքերի, թուրքական ծագում ունեցող ավստրիացիների, քրդերի համար վատ է, եթե այդ հակամարտությունը ներթափանցի երկիր:
Ավելի վաղ Գերմանիայում արգելվել էին երկու թուրք քաղաքական գործիչների ելույթները, որոնք պետք է քարոզեին կողմ քվեարկել Թուրքիայում սահմանադրական փոփոխություններին: Թուրքիայի նախագահը նման արգելքները համեմատել է նացիստների քաղաքականության հետ:



