Похожее изображениеԸնտրակաշառքների խնդիրը բացարձակապես կեղծ օրակարգ է ու անգամ չի կարելի համարել դա խնդիր։ Այդ 5000 դրամները դարձրել են մատի փաթաթան ու բոլոր հնարավոր և անհնար ձախողումների արդարացում։ Մինչդեռ եկեք երևույթին նայենք սթափ ու առանց կանխակալության։

Դու ասում եք, որ եթե մարդը 5000 կամ 10000 կամ էլ 20000 դրամ է վերցնում ու դրա դիմաց իր քվեն տալիս է վճարողին, ապա դա սարսափելի է, դա ընտրակեղծիք է, դա վաղվա օրը վաճառել է նշանակում։ Բարի, այդ դեպքում հարց։

Արդյո՞ք սարսափելի է, ընտրակեղծիք է ու վաղվա օր վաճառել է, եթե մարդը իր քվեն տալիս է մի ուժի կամ էլ թեկնածուի, որը ոչ թե այդ պահին է տալիս այդ 5000 կամ 10000 կամ էլ 20000 դրամը, այլ ասում է, որ ընտրվելու դեպքում անպայման կտա։ Վստահ եմ, որ շատերը կասեն, որ դա էլ, իհարկե, նույնն է։

Այդ դեպքում, հարգելինե՛րս, ինչո՞ւ նույն գնահատականներին չենք արժանացնում նրանց, ովքեր խոստանում են թոշակների անորոշ չափով բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, հարկերից ազատում և այլ վերացական բաներ, որոնք բոլորն էլ կոնկրետ ֆինանասական եկամտի ավելացման մասին են։ Ի՞նչ սկզբունքային տարբերություն կա 20000 դրամ խոստանալու կամ էլ աշխատավարձի, ասենք, 10 տոկոսով բարձրացնելու միջև։ Իսկ այդ 20000 դրամը ռեալ տալու ու աշխատավարձի վերացական բարձրացում խոստանալո՞ւ․․․

Իրականում միակ սկզբունքային տարբերությունն այն է, որ մի դեպքում քեզ ռեալ գումար են տալիս, իսկ մյուս դեպքում՝ հիմնականում փուջ խոստումներ։ Ուստի եթե դատապարտում ենք ու ընտրակաշառք ենք համարում 5000-ը, ապա պետք է դատապարտենք ու կաշառք համարենք խոստումները։ Եթե չենք համարում կաշառք մեկը, ապա կաշառք չի կարող լինել նաև մյուսը։

Պարզապես մեր ընդդիմություններն են մոգոնել այս թեման, որպեսզի հիմնավորեն իրենց գաղափարական սնանկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել