«Շոու բիզնես» բառը նշանակում է՝ կոմերցիոն գործունեություն ինչ-որ ոլորտի ինդուստրիայում։ «Ռեինկարնացիան» հայկական երաժշտության ասպարեզում հաջողված հազվագյուտ պրոյեկտներից է, ում նախընտրում են սոցիալական տարբեր խավերը՝ բարձրաշխարհիկ էլիտաներից մինչև հասարակ գյուղացի։ Հետևաբար ՀՀԿ-ն, ինչպես միշտ, փայլել է իր պրագմատիկ ընտրությամբ, սակայն, ցավոք, բավարարվել է միայն դրանով։ Հայաստանի միատոն քաղաքական կյանքն ինչ-որ չափով ակտիվացնելու համար նախընտրական ու ընտրական շրջանում հազվագյուտ աշխուժություն մտցնելու լեգիտիմ առիթ է։ ՀՀԿ-ն ունի փող, հետևաբար կարող է իրեն թույլ տալ կոմերցիոն առաջարկ անել շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչների։ Վերջիններիս համար դժվար է դիմանալ իշխող ուժի առաջարկի գայթակղությանը, քանի որ իրենց հաջողությունը հետագայում կարող է կախված լինել հենց իշխանություններից։
Տեսահոլովակից հետո «Ռեինկարնացիայի» ներկայացուցիչը հանրության մի մասի (միգուցե մեծ մասի, դա կապ չունի) քննադատության թիրախ դարձավ, որովհետև նախկինում մի քանի անգամ, ինչպես հասկացա, քննադատել կամ թրոլինգի էր ենթարկել իշխանություններին կամ դրա առանձին սուբյեկտներին։ Հիմա սկսեց արդարանալ՝ թե, ժողովուրդ, իմ գործը երգելն է, ջհանդամ, թե ինչ կխոսեք իմ մասին։ Ախպեր ջան, երգել ես, լավ ես արել, ջանդ սաղ ըլնի, ընդունել ես որոշում, երիցս օրհնվես, բայց երբ դու սկսում ես, կոպիտ ասած, «ատբիտ ըլնել» քննադատությունից ու արդարանալ, մեխանիկորեն լեգիտիմացնում ես հանրության կասկածներն առ այն, որ քեզ ստիպել են նման գործ անել։ Ի վերջո, նման քայլից հետո սպասելի էր, չէ՞, որ մարդիկ էդպես են արձագանքելու։ Բա հո հույն ճարտարապետ Ֆիդիասի ոսկե ձեռքերով օծված ու Աթենքի կենտրոնում կանգնած մարմարակերտ Աֆրոդիտե աստվածուհու արձանի պես չէի՞ն պաշտելու։
Հ.Գ. Բուն քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց այնքան գործի գիտակ մարդիկ իրենց կարծիքն արտահայտեցին, թույլ տվեք սսկվել ու դեռ բան չխոսել, որովհետև չեմ կարծում, որ մի օրվա քարոզարշավով կարելի է ինչ-որ համալիր կարծիք կազմել քաղաքական ուժերի մասին... ու առհասարակ, ով եմ ես վաբշե...