Սա Այրիվանքն է: Հանրահռչակ վանք, մեր հնություններից մեկը, որը հսկայական պատմական արժեք է ներկայացնում իրենից: Տարվա մեջ այստեղ հազարավոր տեղացիներ ու զբոսաշրջիկներ են այցելում՝ դիպչելու պատմությանը ու հայ ճարտարապետական մտքի այս գոհարով հիանալու համար: Բայց հենց ոտքդ ներս ես մտցնում վանք, տեսնում ես անակնկալը անակնկալի հետևից: Առաջին զարմանքը կապված է մի քանի տասնյակ տարեկան ցուցանակի հետ, որը հուշում է, որ ԽՍՀՄ դեռ կա՝ «Памятник охраняется государством»: Սակայն ամենատարօրինակն այստեղ մոմ վառելու հարթակն է, որի վրա անհասկանալիորեն գրված է՝ «Պոնչից»: Նման բանը, անշուշտ, զարմանալի չէր թվա, եթե այս ցուցանակին հանդիպեիր որևէ բեսեդկայում կամ պուլպուլակի վրա, բայց վանքո՞ւմ... Կներեք, բայց սա արդեն չափից դուրս է: Իսկ թե ով է Պոնչը, այցելուներին սիրով պատմում է եկեղեցու պահապան տատիկը: «Բալես, ստեղ ինչ կա, Պոնչն ա բերալ, սա էլ իրա անունով ա դրալ»,- ասում է տատը ու գոհունակությամբ հիշում «մեծ բարերարին»:



