Օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը կընդլյանվի: Նպատակն է առավելագույնս մատչելի դարձնել քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները: Կառավարությունն օպերատորներին առաջարկել է իրականացնել նաեւ այն ծառայությունները, որոնք մատուցվում են Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:
Օպերատորի իրականացրած գործառույթների թվում են լինելու դիմողի նույնականացումը, պետական տուրքի գանձումը, փաստաթղթերի ընդունումը, փոխադրումն ու հանձնումը: Օրինակ՝ փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:
Ներկայումս ծառայություններ մատուցող օպերատորները վեցն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ», «Հայէկոնոմբանկ» ընկերությունները: Նշենք, որ այս ծրագիրը մեկնարկել է երեք ամիս առաջ, որի արդյունքում ՀՀ ողջ տարածքում գործում է 39 գրասենյակ, որից 14-ը՝ Երևանում:
Երեկ կառավարության նիստին Արդարադատության նախարարը նշել է, որ գրասենյակները մատուցում են 67 ծառայություն, մոտ ժամանակներս նախատեսվում է պատվիրակել եւս 42-ը: