Դիվանագետների միջազգային օրվան նվիրված իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հարկ եղած դեպքում Հայաստանը պատրաստ է իր ունեցած ամբողջ ռազմական ներուժը կիրառել Ադրբեջանի դեմ, եթե վերջինս շարունակի Հայաստանի հետ խոսել ռազմական տոնայնությամբ ու Արցախի հարցը ռազմի ուժով կարգավորելու տեսանկյունից։ Նկատենք, որ եթե Ադրբեջանի մոտ սա արդեն սովորական դարձած հռետորաբանություն է, ապա հայկական կողմը վերջին մեկ տարում խստացրել է իր դիրքորոշումն ու բազմիցս հայտարարել, որ եթե պատերազմի հասնի գործը, ապա պատասխանը լինելու է շատ ավելի ծանր։
Չենք ուզում ասել վստահաբար, սակայն ամեն դեպքում գրեթե առկա են բոլոր այն հիմնավորումները, որոնք իրավիճակը տանում են դեպի պատերազմ։ Ադրբեջանը ապրիլյան քառօրյայից հետո չի փոխել իր կեցվածքը, ինչը նշանակում է, որ այս երկիրը իրավամբ համարում է, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ շոշափելի հաջողության է հասել։ Հետևաբար նրանք կարող են հավատալ իրենց բանակի ռազմական ուժին։ Ինչ մնում է մեզ, ապա թերևս մեզ այլ տարբերակ չի մնում, քան սահմանային գրեթե ամենօրյա զոհերի առկայության պարագայում ռազմական միջամտությամբ ու կանխարգելիչ գործողություններով Ադրբեջանին ցույց տալ իր տեղը։ Կարծես թե այլ տարբերակ չի մնում, քանի որ դիվանագիտական ճանապարհով այս հարցի կարգավորումը դառնում է գրեթե անհնարին։
Եվ ուրեմն՝ մեր հանրությունը պիտի պատրաստ լինի դեպքերի ցանկացած ընթացքի։ Սա չի նշանակում, որ պատերազմն անխուսափելի է, սա պարզապես նշանակում է, որ պետք է լինել աչալուրջ, ու որ դրա հավանականությունը մեծ է։ Մեկ բան պարզապես հանրությունը պետք է լավ իմանա, որ այս անգամ պատերազմը լինելու է վերջնական ու հաղթական, բնականաբար, խաղաղության հասնելու վերջնական ձևակերպմամբ։