Տնտեսության աշխուժացման համար միայն առանձին ոլորտներում իրականացվող փոփոխությունները բավարար չեն: Պետությունը պետք է որոշակիորեն աջակցի նաև տնտեսվարողներին: Վերջին շրջանում մի շարք տնտեսվարողներ ստանում են պետական աջակցություն հարկային արտոնությունների տեսքով:
Այսօր կառավարության որոշմամբ թույլատրվել է կազմակերպություններից մեկին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Նշենք նաև, որ վերոնշյալ ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2մլրդ 138 մլն ՀՀ դրամ։ Ներկայումս ստեղծված է 20 աշխատատեղ՝ 250 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ընկերության ներդրումները կազմում են 4 մլրդ 632 մլն ՀՀ դրամ։
Վերջին ժամանակներում հարկային արտոնություններ ստացել են բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք պարտավորվել են իրագործել լուրջ ներդրումային ծրագրեր: