Շարմազանով-Կարապետյան փոխհրաձգությունը յուրահատուկ երանգ է մտցնում քաղաքական դաշտ։ Փաստացի՝ ՀՀԿ-ն այլևս չի թաքցնում ներքին խմորումների առկայությունը։ Իհարկե, կարող ենք ասել, որ սրանք միշտ էլ եղել են, սակայն Հայաստանի նման երկրի քաղաքական համակարգում, որին մինչ հիմա նույնիսկ Դավիթ Հարությունյանը չի կարողացել «պատշաճ որակավորում» տալ, իշխանությունը, որպես կանոն, ամեն ինչ անում է ներքին գզվռտոցները ջրի երես չհանելու համար։ Այս հակադրությունն ունի դրական ու բացասական կողմեր։
Դրական - Երևի թե առաջին անգամ կամ հազվադեպ ներկուսակցական խնդիրն ստանում է քաղաքական բնույթ։ Փաստացի՝ հին գվարդիան նոր էլիտիստների հետ խնդիրների կարգավորման կամ միգուցե խորացման համար անում է առաջին քայլը, որը բանաձևում է հետևյալ կերպ՝ «ռեյտինգային ընտրակարգը իրար դեմ է հանելու քաղաքական սուբյեկտներին»։ Նորերը հակադրվում են հազար ու մի պատճառ բերելով, սակայն գլխավոր պատճառը ասել չեն կարող։ Իսկ այն հետևյալն է. Սերժ Սարգսյանի համար սա այն է, ինչ պետք է։ Ուրիշի ձեռքերով շագանակներ հանելու Սարգսյանի մեթոդը բազմիցս աշխատել է, ու շատ հնարավոր է՝ աշխատի նաև այս անգամ։ ՀՀԿ օդիոզները իրար դեմ դուրս կգան, չեն բացառվի նաև վենդետաները, որի արդյունքում մի մասը կպարտվի ու մեխանիկորեն խաղից դուրս կմղվի, մյուս մասը կշարունակի օգտվել իշխանական բարիքներից։ Ի դեպ՝ Ազատիչի համար բացարձակ կապ չունի, թե ովքեր կլինեն իր հետ վերջնարդյունքում, քանի որ ով էլ լինի, միևնույն է, ընդունելու է իր գերակայությունը։
Բացասական - Իշխանական հակադրությունները սրվում են, քանի որ չունեն զսպող երրորդ ուժ, որի անունը, լեզուս չի պտտվում ասել, ընդդիմություն է։ 2008-ն ու դրա իներցիայով ձևավորված շարժումը 3-4 տարի կարողացան որակյալ հակակշիռ դառնալ իշխանությանը, սակայն գնալով դա էլ սպառվեց։ Արդյունքում այսօր ունենք այդ շարժման բեկորներից կազմված ընդդիմություն։ Վերջիններիս ճակատագրական սխալը հենց այն է, որ, իշխանության ներքին գզվռտոցը բավարար համարելով, նրանք շտապել են արձանագրել «ռեժիմի խուճապի» մասին։ Մինչդեռ իշխանությունը, անկախ ներքին տարձայնություններից, ուզում է լինի քաղաքական, թե անձնական հարթությունների վրա, իր մեջ ուժ է գտել նորից միասնական դառնալու ու հետ մղելու պայմանական «ոսոխին»։ ՀՀԿ թևերի տարաձայնությունների ամենավտանգավոր գետը, ցավոք, շարունակում են մնալ արտաքին ազդակները, որոնք գալիս են Ռուսաստանից։ Ինքնաբավ գործարար զանգվածը, որը քաղաքական, տնտեսական մասով ամեն ինչի հասել է, միգուցե և բարի կամք է փորձում դրսևորել ու հավակնել երկրում փոփոխությունների։ Սակայն փորձը ցույց տվեց, որ ընտրության միջոցով Հայաստանում իշխանությունն այս պահին չի փոխվում, ուստի բացառված չէ, որ իշխանական մի մասի ու, ինչու ոչ, նաև ընդդիմության ծպտյալ բեկորների շահագրգիռ կողմերի կողմից Հայաստանում մոտ ժամանակներս, ասենք, Արցախի հարցի շուրջ որոշ աժիոտաժ առաջանա, ու Սերժ Սարգսյանը ստիպված լինի դիմագրավել հիմա էլ յուրայինների կապրիզներին։ Ծանոթ սցենար է, չէ՞։