10 թեկնածուներ պայքարում են Գլենդելի քաղաքային խորհրդի 3 թափուր աթոռների համար, որոնցից 1-ը ազատվել էր, երբ նախկին քաղխորհրդի անդամ Լորա Ֆրիդմանն անցած նոյեմբերին ընտրվել էր նահանգային ժողովում։ Այս մասին հայտնում է Glendale New-Press-ը։ Ավագանու ընտրությունները տեղի կունենան ապրիլի 4-ին։
Թեկնածուների թվում են պաշտոնյաներ Արա Նաջարյանն ու Զարե Սինանյանը։
Նաջարյանը, ով երեք անգամ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը և ներկայում հանդիսանում է Metro Transportation Authority կորպորացիայի խորհրդի անդամ, ասել է, որ ցանկանում է երկարացնել խորհրդում իր 12 տարվա ներկայությունը որպես գերզարգացման հակառակորդ՝ միևնույն ժամանակ ցանկանալով բարելավել տրանսպորտի ու բիզնեսի ոլորտը։
Սինանյանը, ով մեկ ժամկետ պաշտոնավարել է որպես քաղաքապետ՝ 2013 թվականին խորհրդում առաջին անգամ ընտրվելուց հետո, քարոզարշավի հայտարարությունում ասել է, որ իր քաղաքականությունը բարելավել է կյանքի որակը Գլենդելում՝ շնորհիվ մատչելի բնակարանային ծրագրերի։
Քաղխորհրդում առկա թափուր տեղերի համար պայքարում են այլ հայեր ևս։
Վրեժ Աղաջանյանը 34 տարի Գլենդելի բնակիչ է և քաղաքական հարցեր է քննարկում տեղական թոք շոուում շուրջ երկու տասնամյակ։ Մասնագիտությամբ ինժեներ Աղաջանյանն իր թեկնածությունն է առաջադրել մի քանի պատճառներով, որոնց թվում է կառավարության աշխատանքի թափանցիկության և փոքր բիզնեսի համար աջակցության հասնելը։
Օնիկ Մեհրաբյանն ավտոդիլերային կենտրոնի սեփականատեր է և նախկինում եղել է քաղաքի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի անդամ։ Նրա քարոզարշավն ուղղված է կառավարության թափանցիկ աշխատանքին, տեղի բիզնեսի աջակցմանն ու քաղաքի կանաչ տարածքների պահպանությանը։
Քաղխորհրդի քարտուղար Արդի Քասախյանն ու գանձապահ Ռաֆի Մանուկյանն ընտրություններին կմասնակցեն այլընտրանքային հիմքով։



