Արդեն երրորդ տարին է՝ մարտի մեկը սակարկման առարկա է դառնում որոշ քաղաքական շրջանակների կողմից, ու վերջիններս էլ չեն զլանում ցինիկաբար դա դարձնել օրվա օրակարգ։ Հասկանալի է, որ քաղաքական օրակարգի բացակայության ու ընդդիմության տվյալ ուժերի վախճանը դանդաղեցնելու միտված քայլեր են սրանք, սակայն կան ռուբիկոններ, որոնք անցնել պետք չէ։ Մարտի մեկից անցել է շուրջ 9 տարի, ու այդ ժամանակվա համաժողովրդական շարժումից մնացել են միայն բեկորներ, սակայն հարցի, այսպես ասած, շահառուն մնացել ու մնում է ՀԱԿ-ը։ Սա, իհարկե, վերջիններիս իրավունք չի տալիս սեփականացնել այդ ողբերգությունը, սակայն փաստ է, որ մարտի մեկի վերաբերյալ ՀԱԿ-ը մշտապես ունեցել է սկզբունքային դիրքորոշում ու մշտապես իր քաղաքական օրակարգում է պահել այս խնդիրը։
Հիմա տեսեք՝ ինչ է տեղի ունենում։ ՀԱԿ-ից պոկված ուժերից Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նույնպես համարում է, որ մարտի մեկի թեման իր անձնական թեման և իր իսկ լեզվով ասած իշխանությունը իրեն գարուն է պարտք։ Քավ լիցի։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկն էր, հրապարակ ձևավորողներից ու հրապարակ պահողներից մեկն էր, ու նա իսկապես մեծ ավանդ է ունեցել 2008 թվականի ընդդիմության բազմամարդ հանրահավաքների կազմավորման համար։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ այսօր Փաշինյանը պիտի կռիվ-դավի սարքի ՀԱԿ-ի հետ ու հարցը վերածի սեփական քաղաքական փիառի ու կայացման ինչ-որ գործընթացի։ Մարտի մեկը ընդհանուր ցավ է, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր կուսակցական պատկանելությունից, պարտավոր է ըստ արժանվույն ու սթափ գնահատել իրավիճակը և իր պատկերացրած ձևով հարգել զոհերի հիշատակը։ Եթե պիտի թեման դառնա սակարման առարկա, թե ով ինչ անի, ով երթ անի, ով առջևից քայլի, ով՝ հետևից, ապա դա ոչ այլ ինչ է, քան ճղճիմ քաղաքական առևտուր ու ժուլիկություն։ Ի վերջո ամոթ է, տասը մարդ է զոհվել, ու քանի դեռ տվյալ ուժերը չեն կարողանում անել այնպես, որ հարցը բացահայտվի, ուրեմն՝ բարի եղեք ձայն չհանել ու ցավ չավելացնել զոհերի հարազատների հոգուն։