Էդուարդ Շարմազանովը խոսել է ՀՀԿ-ում տեղ գտած տարաձայնությունների մասին։ Նա անդրադարձել է նաև նախօրեին ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Կարեն Կարապետյանի կողմից հնչեցված մտքերին, որտեղ վերջինս չէր հերքել, որ Հայաստանում կա սոցիալական շատ կտրուկ, վատթար վիճակ ու դրա գլխավոր պատասխանատուին համարել էր ոչ ավել, ոչ պակաս, գործող իշխանությանը։ Այն, որ իշխող կուսակցության մեջ կան լուրջ տարաձայնություններ, դա արդեն չեն կարողանում թաքցնել նույնիսկ ՀՀԿ-ականները։ Դա Հայաստանի նման ավտորիտար կամ կիսաավտորիտար համակարգեր ունեցող երկրների համար նորմալ պրակտիկա է։ Երբ կա հզոր ընդդիմություն, իշխանության տարբեր թևեր, ինչքան էլ ուզում է տարաձայնություններ ունենան միմյանց հետ, կարողանում են դրանք առժամանակ մի կողմ դնել հանուն, այսպես ասած, ընդհանուր «թշնամու»։ Այժմ չկա ուժեղ ընդդիմություն, փոխարենը առկա են դրա բեկորները։ Այդ իսկ պատճառով իշխանության մեջ գզվռտոցը դուրս է գալիս ջրի երես։ Այսպիսի իրավիճակների վերջին ժամանակներս մենք հաճախ ենք տեսնում, սակայն հարցն այն է, թե ինչպիսի բովանդակություն ունեն այդ տարաձայնությունները։ Օրինակ՝ օդիոզ դեմքերի՝ ՀՀԿ-ից նեղանալու խնդիրը բացարձակապես անձնական է ու կապված է ազդեցության նվազման, տնտեսական շահերի հետ։ Իսկ ահա Կարեն Կարապետյանի պարագայում կարծես թե այդ տարաձայնությունները ավելի շուտ կրում են քաղաքական բնույթ։ Դիցուք՝ պատգամավորը հայտարարում է, որ դեմ է եղել ռեյտինգային ընտրակարգին, քանի որ, ըստ նրա, դա մարդկանց հանում է իրար դեմ ու լարված հասարակության մեջ պրկված նյարդերը մարդկանց մոտ կարող են տեղի տալ։ Օրեցօր դատարկվող Հայաստանում ներքին բախումները շատ ծանր հետևանքներ կարող են ունենալ։ Դժվար է, իհարկե, ասել, որ այս տարաձայնություններն այսքանով կավարտվեն։ Հայաստանի քաղաքական համակարգը կայացած չէ, որ պարտվողը ընդունի հաղթողի կամ մեծամասնության կարծիքը։ Նա ամեն ինչ անելու է իր ուզածին հասնելու համար, իսկ դրա արդյունքում արդեն կենացները կարող են գնալով քաղցրանալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: