Եթե խիստ ընդհանրացված խոսենք, ապա մի թևում Կարեն ու Սամվել Կարապետյանների ու վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ կոնսոլիդացվող թևն է, իսկ մյուս թևում՝ ընտրակեղծարարության, ծեծուջարդերի, ռեյդերության, կոճակասեղմության ու այլ ավանդական հանրապետական «բարքերի» սիրահարները։ Ընդ որում՝ պետք չէ վարդագույն ակնոցներով նայել ռեֆորմատորներին, ոչ էլ չափազանց խիստ դատել ռեգրեսիստներին։
Օրոգրեսիստները՝ լինելով բավականին բարձր մակարդակների հասած հաջողակ բիզնեսմեններ, անհաղորդ չեն պրագմատիզմ ասվածին և քաջ գիտակցում են, որ եթե ինչ-որ շոշափելի փոփոխություններ չարվեն երկրի տնտեսությունում ու հասարակության մտածելակերպի մեջ, ապա նրանք չեն կարողանա պահպանել ո՛չ իշխանությունը, ո՛չ իրենց բարեկեցությունը Հայաստանում արդեն առաջիկա մի քանի տարիներին։ Հայաստանի Հանրապետությունը շատ մոտ է իր ամրության ռեսուրսը սպառելուն, իսկ երբ այն սպառվի, կսկսվի քաոս, որը չի բխում ոչ մեկի շահերից։
Ռեգրեսիստներն էլ իրենց պատկերացումներն ունեն։ Անպայման չէ, որ նրանք չարամիտ դիտավորությամբ ընդդիմանան բարեփոխումներին ու նոր քաղաքական մշակույթի կայացմանը։ Պարզապես այս մարդիկ գործելու ուրիշ եղանակներ չգիտեն ու չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է ինտեգրվել մի համակարգի, որտեղ ավելի բարդ է թալանել, չի կարելի այդքան զոռբայություն անել ընտրական պրոցեսների ժամանակ, պետք է հայերեն գրել-կարդալ իմանալ և այլն։
Արդյունքում առաջանում է շահերի բախում, որի կուլմինացիոն կետը լինելու է ոչ թե նախընտրական փուլում, ոչ էլ անգամ հենց ընտրությունների օրը, այլ հետընտրական վերաբաշխման փուլում, երբ վերջնականապես պարզ կդառնա, թե որքան իրական պոտենցիալ ունի Կարապետյան եղբայրների ու Կարեն Կարապետյանի տանդեմը։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել